Մարությանը սկսել է անվերապահ հավատալ Դոգին, բայց էլ համագործակցություն չի ակնկալում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթացի» անդամ Հայկ Մարությանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վարդան Ղուկասյանի՝ Դոգի և նրա կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին։ Ըստ այդմ՝ պարզվում է՝ Մարությանը սկսել է անվերապահորեն հավատալ Ղուկասյանին և բացահայտել է, որ ««Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ է խաղացել իշխանության հետ՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը»։

Իհարկե լավ է, որ Մարությանը բացում է ընտրողների աչքերը՝ անգամ ցիտելով Վարդան Ղուկասյանին, սակայն, թերևս, կարծում է, որ ընտրողները մոռացել են, որ ընտրությունից հետո հենց ինքն էր համագործակցություն առաջարկել «բարոյականության և օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի» ղեկավար Վարդան Ղուկասյանին՝ մերժվելով։

Մարությանը մոռանում է նաև, որ ինքն է մոլորեցրել իր ընտրողներին․ նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարությանն էր շարժվում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ընդդիմությանը սկզբունքով, բայց հետո ընդունեց Քոչարյանի սատարած քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի պահանջը և Երևանում իշխանափոխության պահանջ-կարգախոսը փոխարինեց ամբողջական իշխանափոխության պահանջով։ Ասել է թե՝ ընդունեց Քոչարյանի խաղի կանոնը։ Հայկ Մարությանի ընտրողների մեծ մասը չէր էլ կարող պատկերացնել, որ նա համագործակցելու է քոչարյանամերձ Անդրանիկ Թևանյանի հետ։

Չնայած այս ամենին՝ Մարությանը շարունակել է․ «Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։ Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սկզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է»։

Փաստորեն Մարությանը սկզբունքային խնդիր չի տեսնում, երբ ժամանակին բանավոր կարգով կոալիցիոն գործարք է առաջարկել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին և «բարոյականության և օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող» ուժին։

Արդ, եթե «Հանրային ձայն»-ը քաղաքապետ ընտրեր իրեն՝ Մարությանին, ամեն ինչ ճիշտ կլիներ, ու դա քաղաքական առևտուր չէր լինի։ Միայն թե դժվար է պատկերացնել, որ նրա ընտրողները կհավատային, որ դա «պասերով» խաղ չէ նախկինների ու «կեղծավորների ու քաղաքական առևտրականների» հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ