Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց դատախազության հայցը թողնել առանց քննության

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանի և վերջինիս կնոջ գույքը բռնագանձելու գործով շարունակվեց դատական հերթական նիստը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է Քոչարյաններից բռնագանձել շարժական և անշարժ գույքեր Երևանում, ինչպես նաև Հայաստանից դուրս, ավելի քան 54 միլիոն դոլար և 6 միլիոն դոլարի հասնող տոկոսով տված գումար, արժեթղթեր։

Քոչարյանների ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը այսօրվա նիստի ընթացքում միջնորդեց դատախազության հայցը թողնել առանց քննության՝ պատճառաբանելով, որ դատախազությունը նույն գույքերը բռնագանձելու պահանջ է ներկայացրել Քոչարյանների ընտանիքին նաև այլ հայցով։ Հարությունյանը նշեց, որ դատախազության ներկայացրած փաստական հանգամանքները ամբողջությամբ համընկնում են՝ նույն գույքերը դատախազությունը պահանջում է բռնագանձել երկու տարբեր վարույթներով:
Դատախազ Գևորգ Քոչարյանն էլ նշեց, որ գուցե փաստական հիմքերը գրեթե նույնական են, բայց հայց ներկայացնելու հիմքերն են տարբեր։ Հետևաբար, ըստ դատախազության, նույն պահանջը վերաբերում է նաև դատաքննության ընթացքին։

Միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կկայացնի առանձին դատական ակտով, որը հետո կուղարկվի կողմերին։

Հիշեցնենք, որ Քոչարյանների գույքը բռնագանձելու պահանջով ևս մեկ հայց կա Հակակոռուպցիոն դատարանում։ Այդ գործով դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից և նրա կնոջից՝ Բելլա Քոչարյանից, դստերից՝ Գայանե Քոչարյանից, վերջինիս ամուսնուց՝ Վիգեն Չատինյանից, երկու որդիներից՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյաններից, նրանց կանանցից՝ երգչուհի Սիրուշոյից և Զարուհի Բադալյանից, բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ