Ալիևի թիվ մեկ գործընկեր հայաստանյան ընդդիմությունը կրկին խրախճանքի մեջ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շուրջ երկու ժամանոց ելույթ է ունեցել, որում հերթական անգամ անուղղակիորեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին, նշել է, որ Ջերմուկը, Երևանն ու Սյունիքը պատմական ադրբեջանական տարածքներ են, որ պատմական անարդարություն ու հանցագործություն է եղել, դրանք ժամանակին Հայաստանին են նվիրվել։

Նաև ճանապարհների ապաշրջափակմանն է անդրադարձել՝ նշելով, որ Ադրբեջանից դեպի Ադրբեջան (խմբ.՝ Նախիջևան) մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ սահմանային կամ մաքսային ստուգման: Նաև ասել է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա իրենք էլ իրենց հերթին մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը որևէ այլ հատվածում:
«Հաղորդակցությունը պետք է ապահովվի այդ երթուղով։ Եթե Հայաստանը մեր պայմանը չկատարի, ապա նա հավերժ կմնա տարածաշրջանի փակուղին»,- ասել է նա:

Ալիևի այս լեքսիկոնը, վարքը նորություն չէ։ Եվ հենց այս պատճառով է, որ Հայաստանի իշխանությունները նպատակ են դրել, որպեսզի բանակցությունների միջոցով ամրագրվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և որ ստորագրվելիք փաստաթուղթն ունենա երաշխիքների հստակ մեխանիզմներ։

Իսկ ի՞նչ է առաջարկում հայաստանյան ընդդիմությունը, որը պարբերաբար նշում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ գնալ խաղաղության, քանի որ Ալիևի նպատակը Հայաստանի հետ խաղաղություն ունենալը չէ։

Ասվածից հետևում է, որ Հայաստանն էլ պետք է առաջ չտանի խաղաղության օրակարգը, իսկ դրա այլընտրանքը պատերազմն է։ Միաժամանակ, սակայն, ընդդիմությունը պնդում է, որ իրենց ասածը բնավ պատերազմի մասին չէ։

Ի դեպ՝ ընդդիմության «սրացումները» ճիշտ և ճիշտ սկսվում են Ալիևի սրացումների հետ միաժամանակ։ Եթե նախկինում տպավորություն էր, որ նրանք սպասում են, որ Ալիևը նմանօրինակ հայտարարություններ անի, որպեսզի իրենք էլ ակտիվանան, ապա հիմա դա արդեն ոչ թե տպավորություն է, այլ՝ փաստ։ Ընդդիմադիրները, կարծես, գիշեր-ցերեկ աղոթում են, որ Ալիևը մի այսպիսի հայտարարություն անի, որ սկսեն նրա հետ սինխրոն հակահայաստանյան ու հակաիշխանական արշավ իրականացնել։
Եվ ահա ընդդիմադիրները երեկվանից խրախճանքի մեջ են, մի խինդ, մի հրճվանք՝ իրենց լավագույն գործընկեր Ալիևը հերթական առիթն է տվել։

Բայց վերադառնանք ընդդիմության առաջարկներին։ Ի՞նչ պետք է անել, եթե չբանակցել խաղաղության շուրջ։ Ահա այդ հարցերին 3 կետով պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի, մարդկանց տված մանդատը սեփական շահերին ծառայեցնող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Դե առաջին կետը պարզ է՝ իշխանությունների հեռացում։ Որևէ ընդդիմադիրի եթե քնից հանես, հարցնես՝ ի՞նչ պետք է անել, ի՞նչ քայլեր եք առաջարկում, ասում են՝ իշխանությունները պետք է գնան։ Այ իսկ դրանից հետոն սկսվում է լղոզվել, կենացային տեքստեր հնչել։

Երկրորդ կետով Լևոն Քոչարյանն առաջարկում է վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն։ Ո՞ւմ նկատի ունի կրտսեր Քոչարյանը՝ դաշնակից ասելով։ Բնականաբար Ռուսաստանին։ Այն Ռուսաստանին, որը լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը՝ 2020-ի պատերազմի ընթացքում, ըստ էության, չօգնեց Հայաստանին, որը Ադրբեջանի հետ մեկտեղ «հաջող օպերացիա իրականացրեց» Ղարաբաղում։ Այն Ռուսաստանին, որը Ադրբեջանին հանձնեց Փառուխը, Խծաբերդը, Լաչինը և այլն։ Այն Ռուսաստանին, որը չարձագանքեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակումների ժամանակ։ Այն Ռուսաստանին, որը ստացավ Հայաստանի փոխանցած գումարը, բայց չմատակարարեց խոստացված զենքը։ Եվ ի վերջո այն Ռուսաստանին, որը ինքն էլ խնդիրներ ունի։ Եվ ինչպե՞ս ենք այդ Ռուսաստանի հետ հզորանալու, որ կարողանանք գլուխներս հանել գազանի երախից։ Ի դեպ, սա նաև այն Ռուսաստանն է, որն, ըստ էության, ռազմավարական դաշնակցային պայմանագիր ունի կնքած Ադրբեջանի հետ, Եվրոպային գազ է մատակարարում Ադրբեջանի միջոցով և այլն։ Եվ հիմա Լևոն Քոչարյանը պլանավորում է այդ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելով հզորանալ ու… ու ի՞նչ անել։ Ինչքա՞ն պետք է հզորանալ, որպեսզի Ալիևի պլանները Հայաստանի նկատմամբ փոխվեն։
Իսկ երրորդ բաժակով Լևոն Քոչարյանն առաջարկում է ավելի ուժեղ դիրքերից բանակցել Ադրբեջանի հետ։

Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զաքարյանն ասում է, թե բազմիցս բացատրել են մեխանիզմները՝ իրավիճակից դուրս գալու համար, ու չի նշում, թե որոնք են այդ մեխանիզմները։ Բայց նախկինում ասել է՝ նույն կենացները։

Ավելին՝ Զաքարյանը 2021-ին Նիկոլ Փաշինյանին քվեարկած քաղաքացիներին անվանել է կամ պարզապես միամիտ և ծայրաստիճան անգրագետ, կա՛մ ինչ-ինչ անձնական խնդիրներից դրդված, գիտակցված կամ անգիտակից եղանակով «ապազգային, հակապետական շահերի» ծառայողներ։ Երկրորդ խմբին խորհուրդ է տվել ճշտել իրենց գենը։

«Սա բոլորովին էմոցիոնալ գրառում չէ, ոչ էլ ինչ-որ շրջանակների պիտակավորելու նպատակ: Սա զուտ ազգային անվտանգության հարց է: Այս հարցերի լիարժեք պատկերացումից է նաև կախված պետության հավաքական ճակատագիրն ու ժողովրդի ապագան»,- գրել է Արտակ Զաքարյանը։

Հնարավոր ու անհնար բոլոր ձևերով երկիրը թալանած, Ռուսաստանից կախվածության մեջ գցած, Ալիևի թիվ մեկ գործընկեր իշխանության ներկայացուցիչը մյուսներին խորհուրդ է տալիս ստուգել իրենց գենը։

Բավական է պտտվել Հայաստանի մարզերով, ու պարզ կլինի, թե ինչպես են «հայրենիք պահել» նախկին իշխանությունները՝ համատարած անտերություն, ավերակներ, քանդված ճանապարհներ, կիսափուլ դպրոցներ ու մանկապարտեզներ, աղքատություն, թշվառություն ու միաժամանակ Մոնումենտի դղյակներ, շահաբաժիններ տարբեր ընկերություններում, յուրաքանչյուրի ունեցվածքի մեջ տասնյակների հասնող շարժական և անշարժ գույքեր, միլիարդների հասնող դրամական միջոցներ և այլն։

Ահա սա է ընդդիմության առաջարկած այլընտրանքը՝ ժողովրդի թշվառություն և սեփական միջոցների ավելացում ու պահպանում։ Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայով՝ կենաց, և ոչինչ ավելի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ