Հնարավոր է՝ մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերվեն, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով. Քոչարյան

Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերվեն:

Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին դրական պատասխանելով՝ Քոչարյանը նշեց. «Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»:

Ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից, Քոչարյանն ասաց՝ մեր պետության և անվտանգային համակարգի ուժեղացումը. «Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են: Ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շարունակվող հռետորաբանությանն, ապա, ըստ Քոչարյանի, անպատասխան չի մնա:

«Բոլոր մակարդակներում պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթության մեջ, միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, ես տեսնում եմ, որ հեռանկար տեսնող սերունդը պետք է այդ խնդիրները լուծի: Մի՛ մոռացեք, որ 94-ից իրենք գլուխները կախ մտածում էին էն խնդիրների լուծման շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից: Հրադադարից հետո իրենք կառուցեցին այն բանակը, որով լուծեցին: Եվ հիմա մենք ունենք կորուստներ, ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրը ուժեղացնենք: Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ, բայց ուրիշ բան, որ մենք ունենանք դրանք կանխելու հնարավորություն: Եվ, երբ երեկ մի քանիսը պահանջում էին նախարարի հրաժարականը, ինքը ինժեներական ամրակայման համար պայմաններ էր ստեղծում: Այդ ամրությունները միայն ամրություններ չեն, դրանք ամրոցներ են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ