ՊԵԿ-ը փետրվարի 1-ից բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարություն կսկսի. Ռուստամ Բադասյան

Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձը պետք է եկամտահարկ վճարի:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ տեղեկացնելով, որ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարություն է սկսելու:

Ըստ Բադասյանի, արդեն կան քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի ու հունվարի առաջին օրերի համար ներկայացրել են համապատասխան հայտարարություն, վերջիններս նաև տարեկան եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու։

«Արդեն ունենք 5 հազար քաղաքացի, որոնք արձագանքել են մեր կոչին ու ներկայացրել են հայտարարություն վարձակալական հարաբերությունների մասին։ Կոչ եմ անում քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություն, որ խուսափեն մեծ տուգանքներից։ Քիչ-քիչ հարկ վճարելու մշակույթը պետք է զարգացնել, որ քաղաքացին չափսոսա հարկը վճարել։ Ի վերջո, այդ գումարն օգտագործվում է սոցիալական, անվտանգային, մի շարք այլ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ-ը վարձակալությունների գործընթացը վերահսկելու բավարար գործիքակազմ ունի: Ուշադրության կենտրոնում կպահեն վարձակալությունների մասին հայտարարությունները, ինչպես նաև պետական մարմիններից ստացվող տեղեկությունները։

Ռուստամ Բադասյանն ասաց՝ բոլոր տվյալները կհավաքագրվեն, այնուհետ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելով վարչարարությունը, առաջին փուլում կկենտրոնանա նորակառույց շենքերի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ