Կառավարությունը պետական սեփականության օդանավ նվիրեց «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին․ այն կծառայի պարապմունքների համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պետական սեփականություն հանդիսացող «TU-134-65072» տեսակի օդանավը նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ մասնագիտական պարապմունքների անցկացման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող «TU-134-65072» տեսակի օդանավը պետք է տեղափոխվի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հարակից տարածք՝ մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով, որի նպատակով «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից արդեն իսկ կազմակերպվել է օդանավի տեղափոխման ծառայությունների գնման գործընթաց։

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «TU-134-65072» տեսակի օդանավը ներառված է չօգտագործվող օդանավերի ցանկում և գտնվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ տեսակի օդանավի տեղափոխումը կատարվելու է օդանավի որոշ մասերի մասնատման եղանակով՝ օդանավի տարածքից դուրս հանելու հնարավորությունն ապահովելու նպատակով, որից հետո հնարավոր չի լինի այն շահագործել որպես օդանավ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է այն նվիրաբերել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությանը՝մասնագիտական պարապմունքներ կազմակերպելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ