Կարմիր գծերում կայանելու համար վճարման փոփոխությունից հետո վարորդներն ահազանգում են. ի՞նչ տեխնիկական խնդիրներ են առաջացել և արդյո՞ք դրանք լուծման փուլում են. մանրամասներ

Դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայնով ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծը, ըստ որի` հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 հազար դրամ։

Այս փոփոխությունից հետո վարորդներն ահազանգում են և նշում, որ հաճախ տեխնիկական խնդիրների են հանդիպում: Վարորդները կարմիր գծերում կայանելու համար ուղարկում են sms հաղորդագրությունը, որը տեղ չի հասնում կամ շատ ուշ է հասնում և երբեմն էլ մնում է անպատասխան, իսկ վճարման այլ հավելվածներից էլ օգտվելու դեպքում՝ նշում են, որ ոչ բոլորն են անխափան աշխատում:

Zarkerak.am-ը  փորձեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանց ճշտել, թե ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը և դրանք լուծման ինչ փուլում են գտնվում. «Ընդհանուր տեխնիկական խնդիրները, եթե խոսքը վերաբերում է 10 45 և 50 45 կարճ հեռախոսահամրներին, ապա այդ համակարգերն այս պահին արդեն լիարժեք գործում են, ես ինքս էլ օգտվել եմ, խնդիր չի եղել, գուցե ինչ-որ ժամանակահատվածում տեխնիկական խնդիրներ են եղել՝ առնվազն այդ երկու համարների հետ կապված, բայց հիմա իրավիճակը կարգավորված է: Հիմա ամսական և օրականի համար, ամսականի և տարեկանի համար մի շարք վճարային տարբերակներ կան, այս պահին փաստացի գործում է բանկային փոխանցումը՝ թե՛ ուղիղ բանկ գնալու միջոցով, թե՛ բանկային տարբեր հավելվածների միջոցով, գործում է e-payment համակարգը, որի միջոցով կարողանում են այդ վճարումներն անել և նաև easy pay-ով է հնարավոր վճարում իրականացնել: Idram-ը, Telcell wallet-ը և այլ վճարային համակարգերը հիմա իրենց տեխնիկական խնդիրները կարգավորում են, որ շուտով բոլոր համակարգերով հնարավոր լինի վճարումներ իրականացնել, սակայն այս տեխնիկական խնդիրներից քաղաքացիները չեն տուժելու»:

Մեր այն հարցին, թե հնարավոր է տեխնիկական խնդրի պատճառով հաղորդագրություն չուղարկելու դեպքում վարորդները տուգանվեն՝ Կոստանյանն ասաց. «Այս պահի դրությամբ որևիցե վարորդի տուգանք չի գնում: Հիմա այս պահին մեր համապատասխան վարչությունում բոլոր  խնդիրները ֆիքսվում են, օրինակ՝  փաստացի մարդը կայանել է և չի վճարել, որի պատճառը պայմանական կարող է լինել տեխնիկական խնդիրը, կարող է լինել օրինակ, որ մարդը մոռացել է վճարումը կատարել, մենք ուսումնասիրության արդյունքում հասկանալու ենք, թե դրանցից որն է տեխնիկական խնդրի պատճառով եղել, որը՝ ոչ, ըստ դրա արդեն նոր որոշում կկայացվի՝ տուգանք ուղարկվելու է վարորդներին, թե՝ ոչ: Մենք մինչև հանգամանքները չպարզենք, տուգանքներ չենք ուղարկելու»:

Իսկ, թե ինչու նման տեխնիկական խնդիրներ առաջացան՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց. «Քանի որ դրույքաչափերն ավագանին որոշում է վերջին ավագանու նիստով, մի շարք դեպքերում դա լինում է վերջին աշխատանքային շաբաթվա ընթացքում, հետո արդեն տոներ, ոչ աշխատանքային օրեր, ֆիզիկապես հնարավոր չի լինում այդ համակարգերն այնպես ներդնել, որ ինքը հենց հունվարի 1-ից աշխատի, դրա համար միշտ քաղաքապետարանն այդ հարցերին ըմբռնումով է մոտենում և տուգանքներ չի ուղարկում: Առաջացած տեխնիկական խնդիրները կապված են նոր փոփոխության հետ, քանի որ նախապես չենք կարող կանխատեսել, թե ավագանին ինչ որոշում կկայացնի, դրա համար մեր քայլերը կարգավորում ենք ավագանու որոշումից հետո»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ