Ես եմ ստեղծել, ես էլ կթաղեմ․ Վարդան Ղուկասյանը՝ «Հանրային ձայն» կուսակցությունից իրեն հեռացնելու մասին

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, այն կդադարի գոյություն ունենալ։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էին, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարվում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Ըստ Ղուկասյանի՝ հունվարի 19-ին կլինի կուսակցության ժողովը, որին պարտադիր է անդամների մասնակցությունը, նա նաև ժողովին հրավիրեց իր աջակիցներին, սակայն ընդգծեց, որ մուտքը կլինի միայն անձնագրերով։

«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»»,–ասել է նա։

Ղուկասյանի պնդմամբ՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել կուսակցության կանոնադրությամբ։

««Հանրային ձայնը», եթե պետք եղավ, ես եմ ստեղծել, ես էլ կթաղեմ, շատ հանգիստ, և ինքնակոչը Վարդան Ղուկասյանը չի։ Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդու՞մ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը։»,- նշեց նա։

Ղուկասյանի խոսքով՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելո՞ւ, թե՞ Վարդան Ղուկասյանի։

Նա ընդգծել է, որ հունվարի 19-ին պարզ կլինի՝ կուսակցության անդամները մնում են իր, թե Արտակ Գալստյանի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ