Կարան բակում մի հատ տաղավար դնեն, ասեն՝ մասնագիտական կրթություն ենք տալիս, 50 հազարը բերեք. Նիկոլ Փաշինյան

Ըստ էության մենք արդեն մտել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոսելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրի փաթեթից:

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին ուղղության դեպքում մենք մեր ԼՂ-ից տեղահանված հայրենակիցներին առաջարկում ենք մինչև 5 ամիս տևողությամբ ուսուցում, և այդ ընթացքում 50 հազար դրամ կրթաթոշակ ենք տրամադրելու և 50 հազար դրամ ուսման վարձավճար: Մասնագիտական ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին աջակցություն է տրամադրվում՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով՝ աջակցության երկրորդ ուղղությունն այն է, որ նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում գործատուին 3 ամիս ժամկետով ամսական 165․000 դրամ փոխհատուցում կտրամադրվի շահառուի աշխատավարձի վճարման համար. «Երրոդ բաղադրիչի դեպքում բոլորը միասին են՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի հնարավորություն»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյնաը հետաքրքրվեց՝ գործատուն և աշխատողը ինչպե՞ս և որտե՞ղ են հանդիպում, և մենք ինչպե՞ս և որտե՞ղ ենք իմանում, որ իրենք հանդիպել են՝ պայմանավորվել. «Եվ որտե՞ղ սովորելու մասին է խոսքը՝ մենք սահամանփակում դնում ենք՝ բուհ, ուսումնարան, քոլեջ…»

Արձագանքելով Մկրտչյան ասաց. «Ամսական կտրվածքով միասնական սոցիալական ծառայություն են դիմում 300-500 գործատուներ, որոնք ներկայացնում են աշխատատեղերի պայմաններ և հնարավոր աշխատաողների հմտությունները, մենք այդ հայտերն ընդունում ենք և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանք չեն ունեցել, ստուգում ենք թե ինչպիսի հմտությւոններ ունեն և եթե համապատասխանում են այդ պահանջնեին, որ այդ գործատուներն են ներկայացրել, մենք 2 օրվա ընթացքում իրենց տվյալներն ուղարկում ենք գործատուին և գործատուն ֆիլտրում է այդ պոտենցիալ հավակնորդներին և ինքն է ընտրում, թե որտեղ վերջինս անցնի վերապատրաստում, դա կարողէ լինել միջին մասնագիտական հաստատություն, կարող է լինել մասնավոր կրթական կազմակերպություն, որոշ դեպքերում գործատուն հենց իրենց մոտ ունեն կրթական բաղադրիչներ և եթե ինքը գտնումէ նպատակահարմար, որ պետք է գնա վեապատրաստվի ապա մենք և՛ կրթավճարն ենք տալիս, և՛ վարձավճարը»:

Վարչապետը ևս մեկ նկատառում արեց. «Մեր կարգավորումներով մասնագիտական ուսուցում շատ կոնկրետ բան է նշանակում, դա նշանակում է, որ պետք է լինի լիցենզավորված կազմակերպություն, որը իրավասու է տալ մասնագիտական ուսուցում, թե չէ կներեք կարան բակում մի հատ տաղավար դնեն՝ ասեն մենք մասնագիտական կրթություն ենք տալիս, 50 հազար դրամները բերեք: Բովանդակությունը մեզ համար կարևոր է, մենք չպետք է թղթեր լրացնենք, բայց էդ մարդու կյանքում բան չփոխվի, որովհետև մենք ուզում ենք, որ այդ մարդը հմտությունով և գիտելիքով օժտվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ