«Զանգեզուրի միջանցք»-ը՝ որպես «խաղաքարտ». ընտրությունների նախաշեմին Ալիևը «կերակրում է» սեփական հասարակությանը

Ընտրությունների նախաշեմին Իլհամ Ալիևը, հավաքելով իր երկրի «սուրհանդակներին», սեփական հանրության աչքին թոզ փչելով՝ քարոզարշավի մեկնարկն է տվել:

Ինչպես և սպասելի էր, Բաքվի բռնապետի ելույթի մեծ մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ դրանով վախի մթնոլորտի մեջ ապրող սեփական ժողովրդին ցույց տալով, թե որքան «հզոր» առաջնորդ է ինքը:

Վերջինս միաժամանակ, քստմնելի վարքագծի դրսևորմամբ, չի մոռացել դրվատանքի խոսքեր շռայլել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հասցեին՝ ընդգծելով, որ եթե այսօր իր երկրում որևէ լուրջ խնդիր առաջանա, ինքն անպայման առաջին հերթին կզանգահարի իր եղբորը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այս համատեքստում նա հայտնել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ ամենաշատը խոսել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ։

Կրկին օրակարգ բերելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ Ալիևը սպառնացել է, թե եթե այն չբացվի, ապա Հայաստանը հավերժ կմնա փակուղում, և որևէ այլ երթուղի Հայաստանի հետ չի բացվի: Նա պնդել է, թե մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման:

Այստեղ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության հանդեպ ցեղասպանության փորձ իրականացրած և տեղի էթնիկ հայերին վտարած Ալիևը հիշատակել է Եռակողմ հայտարարությունը՝ այն համարելով իրենց քաղաքական մեծ հաջողությունը։ Մինչ օրս չընկալելով և չհասկանալով Եռակողմ հայտարարության դրույթները՝ նա նշել է, թե եթե Շուշին չազատագրին, ապա այդ հայտարարության մեջ չէին կարող ներառել «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված պայմանները:

Խոսելով ակնկլավների մասին՝ Ալիևն ասել է, որ այդ հարցը քննարկում է Հայաստանի վարչապետի հետ իր շփումների ժամանակ:

Ինչ վերաբերում է առհասարակ խաղաղության պայմանագրին, Իլհամ Ալիևը նշել է, թե ստեղծվել են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանը ցանկանում է, որ պայմանագիրը երաշխավորներ ունենա, իսկ ինքը կարծում է, որ անհրաժեշտ չէ. «Մեզ երաշխավորներ պետք չեն։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այդ օգնությունը պետք չէ պարտադրել»։

Այստեղ էլ առիթը օգտագործելով՝ նա կրկին խայթել է Ֆրանսիային՝ ասելով, որ խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտողներից մեկը Ֆրանսիան է. «Ֆրանսիան այն երկիրն է, որն այսօր զինում է Հայաստանին և նախապատրաստում հաջորդ պատերազմին։ Ուստի, երբ ասացի, որ ֆրանսիական քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, ես հենց դա նկատի ունեի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ