Արտառոց դեպք Սևանի զինկոմիսարիատում. տղամարդը պահանջել է գնդացիրը, ջարդուփշուր արել սենյակի գույքը, ծեծել աշխատակցին

Հունվարի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Ն. Խաչատրյանից, որը հայտնել է՝ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հ. Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն կատարել։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել՝ իր անունով կցված գնդացիրը հանձնեն իրեն։

Մերժում ստանալուց հետո նա ջարդել է աշխատասենյակի գրասեղանը, համակարգչի մոնիտորը ապա՝ հարձակվել Ն․ Խաչատրյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Իրավապահները պարզել են՝ որտեղ է գտնվում Հուսիկ Ս․-ն և նրան Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել, տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նրան ենթարկել են անձնական խուզարկության և հայտնաբերել թղթի մեջ լցված ընդհանուր 4․63 գրամ քաշով կանաչ գույնի բուսական զանգված և 1 հատ կաթոցիչ։ Նա ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է ցանել և աճեցրել իր առանձնատան բակում, իր անձնական օգտագործման համար է։

Հ․ Սարգսյանը ոստիկանության Սևանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ