Արմավիրի դպրոցի մարզադահլիճի ցնցուղ-ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 000 դրամ․ փաստաթուղթ

ՀՀ վարչապետի մարզային վերջին մի քանի՝ Լոռի և Արմավիր կատարած այցերը, որոնց նպատակը կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալն էր, ինչպես հայտնի է, ուղեկցվեցին Քաղաքաշինության կոմիտեի, Արմավիրի և Լոռու մարզպետների պաշտոնանկությամբ։ Այս պաշտոնանկությունների ուղերձը հստակ է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։

Հանրությանն ու որոշ շահագրգիռ՝ ընդդիմադիր շրջանակների հատկապես ցնցել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցածը։ Վարչապետը, հիշեցնենք, ծանոթանալով կատարված աշխատանքին, հայտնել էր իր դժգոհություններն ու ընդգծել թերացումները և, ապամոնտաժելով մարզասրահի սանհանգույցի ցնցուղներից մեկը, այն մեկնել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ «Տիկին Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք՝ տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժի մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»,- առաջարկել էր վարչապետը: Վերջինս, ի դեպ, ստուգել էր նաև սանհանգույցում տեղադրված լվացարանների ծորակների որակը։
Երեկ ցնցուղի թեման կրկին թարմացվեց՝ լրագրողներից մեկը հարց հղեց նախարար Անդրեասյանին՝ արդյոք հետևե՞լ է վարչապետի հորդորին և ճշտե՞լ է դրա գինը։ ԿԳՄՍ նախարարն էլ արձագանքել է, թե վարչապետի հանձնարարականն իրեն չէր ուղղված՝ առաջարկելով ուշադիր նայել իր ու կառավարության ղեկավարի երկխոսության համապատասխան տեսանյութը։

Civic.am-ը ֆինանսների նախարարության armeps.am կայքում զետեղված գնման համապատասխան պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվից պարզեց, որ «ցնցուղ ծորակ խառնիչ»-ը նախատեսված է եղել գնել 5 հատ, միավորի գինը՝ 71 հազար 920 դրամ, 7 հատ լվացարանի ծորակ խառնիչի գինն էլ նշված է (միավորի գինը) 27 հազար 790 դրամ:

Թե ինչ գնի ծորակ ու ցնցուղ է տեղադրված եղել, պետք է ստուգեր շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն մատուցած ընկերությունը։ Ըստ պայմանագրի՝ հենց այդ ընկերությունը պետք է իրականացնի կառուցվող օբյեկտի կառուցվածքների կամ նրանց առանձին մասերի, այդ թվում՝ սարքավորումների, համակարգերի, ցանցերի և սարքերի լաբորատոր փորձարկումները և նմուշառումները։ Ի դեպ՝ նախագծով նախատեսված շինարարությունում կիրառվող բոլոր տեսակի նյութերն ու սարքավորումները, ըստ պայմանագրի, պետք է լինեն նոր, չօգտագործված։

Նշենք, որ վերոհիշյալ և մի շարք այլ օբյեկտներում շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է, կապալառուն՝ «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։ Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ, ընդ որում՝ մասնավորապես «Արագածի Մ. Մեխակյանի անվան դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի աշխատանքների գինը 349 միլիոն 761 հազար 578 դրամ է։ Նշենք, որ 3.03.2023 թ. պայմանագրի կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որում մասնավորապես նշված է, որ կողմերը որոշել են պայմանագրի 5.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ։ Ըստ այդմ՝ ավելացվել է պայմանագրի գինը՝ կազմելով 1 միլիարդ 374 միլիոն 610 հազար 685 դրամ։ Որպես պայմանագրի փոփոխության առաջացման պատճառ նշված է կառավարության 2022 թ. դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշումը, կնքված պայմանագրի գնի ավելացումն ու պայմանագրի N1 հավելվածի փոփոխությունը։
«Արագածի Մ. Մեխակյանի անվան դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի աշխատանքների համար նախատեսված գումարը, ըստ համաձայնագրի, նվազել է և կազմել 315 միլիոն 761 հազար 499 դրամ (համաձայնագրով գնային որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև մյուս օբյեկտների շինաշխատանքները)։
Նշենք, որ պայմանագիրը ներառում է նաև «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի համար 03.03.2023 համաձայնագրով նախատեսված գումարը 271 մլն 305 հազար 980 դրամ է, «Ջանիդայի Է. Դաշտոյանի ավան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի համար նախատեսված գումարը 309 մլն 471 հազար 644 դրամ է, «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի գումարը 292 մլն 384 հազար 152 դրամ է, «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները, որի գումարն էլ 185 մլն 687 հազար 410 դրամ է։
Նշենք, որ Մ. Մեխակյանի անվան դպրոցի մարզադահլիճի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացրած ընկերությունը, որի հետ Քաղաքաշինության կոմիտեն 2022 թ. ապրիլի 6-ին պայմանագիր է կնքել, Սյունիքի մարզում գրանցված «Արմստրոյ» ՍՊԸ-ն է։ Սույն ՍՊԸ-ն է տեխնիկական հսկողություն իրականացրել նաև Լոռու «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (վարչապետն օրերս այցելել էր նաև այս դպրոց և դարձյալ մի շարք թերություներ հայտնաբերել) մարզադահլիճի վերակառուցման և մի շարք այլ դպրոցներում կառավարության ծրագրերով իրականացված վերակառուցման աշխատանքների նկատմամբ։
Մասնավորապես Մ. Մեխակյանի անվան դպրոցի մարզադահլիճի կառուցման տեխնիկական հսկողության ծառայության դիմաց սույն կազմակերպությունը, ըստ պայմանագրի, պետք է ստանա 1 միլիոն 218 հազար դրամ, իսկ Վանաձորի Ղ. Ալիշանի անվան դպրոցի համար՝ մոտ 455 հազար դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ