Արմեն Խաչատրյանը՝ Սուրեն Պապիկյանին պաշտոնանկ անելու հավանականության մասին

«Եթե բանակի քաղաքական պատասխանատուի պաշտոնավարելու հարցն անմիջապես կապենք դժբախտ պատահարների հետ կամ բանակում տեղի ունեցող հանցագործությունների հետ, ուրեմն բանակում Պաշտպանության նախարարը պետք է փոխվի շաբաթը կամ ամիսը մեկ-երկու անգամ, ինչը կառավարման համակարգում չի կարող լինել:

Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, այսինքն՝ պաշտոնատար անձ, որի գործողության կամ անգործության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այստեղ արդեն անմիջապես ինքն արդեն պետք է պատասխանատվություն կրի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին երկու մահվան դեպքին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ բանակը ղեկավարել են տարբեր ծառայողական անցյալ ունեցող մարդիկ. «Բանակը ղեկավարել են և՛ գեներալներ, և՛ քաղաքացիական անձինք, համաշխարհային փորձը ցույց է տվել, որ Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքացիական պաշտոնյա, սա ամբողջ աշխարհում է ընդունված և արդյունավետությունն ապացուցվել է: Վերջին մեկ կամ մեկ ու կես տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող բարեփոխումներն աննախադեպ ծավալի են:

2020 թվականի պատերազմից հետո բանակում բավականին բարդ իրավիճակ էր հենց ոչ կանոնադրային և կարգապահական բնույթի խախտումների հետ կապված, հրամանատարությանը բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի սա բերի և համապատասխան ռելսերի վրա դնի: Դրանից որոշակի կարճ ժամանակ անց այդ խնդիրն էապես լուծվում է: Հիմա այն ծավալի և մակարդակի չէ, որ մենք գոհ լինենք, բայց մենք ակնկալում ենք, որ այս տեմպերով եթե գնանք, մենք շատ կարճ ժամանակում շատ ավելի լավ արդյունք կունենանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ