ՀՀ դեսպանն ընդգծել է Փարաջանովի դերը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում

Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում` Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված համատեղ հայտի միջոցով, ինչը մեծ կինոռեժիսորի` համաշխարհային մշակութային ժառանգության անբաժան մասը հանդիսանալու հերթական վկայությունն է։ Անդրադառնալով Փարաջանովի հանճարին և ստեղծագործական յուրօրինակությանը` ՀՀ դեսպանն ընդգծեց վերջինիս կամրջող դերը հայ և վրաց ժողովուրդների հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և վերջինիս ղեկավար Մարի Առաքելովային, ինչպես նաև Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ