100 դրամանոց մալուխը 1000-ով գնող, պետության անխնա թալանի ու ատկատների հետ ասոցացվող ռեժիմի ներկայացուցիչները «հուզվել» են վարչապետի մարզային այցերից

ՀՀ վարչապետի՝ պետական միջոցներով նորոգված պետական կրթական հաստատություններ շրջայցը, նորոգման կամ կառուցապատման թերությունները մատնանշելը, մասնավորապես հագուստի կախիչների ամրությունն ստուգելն ու մարզադահլիճի ցնցուղի գինը ճշտելու հորդորը, պարզվում է, «սառը ցնցուղի» էֆեկտ են ունեցել։ Հատկապես «հուզվել» են ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և վարչապետի «ռևիզիան» որակել «կրկեսային շոու», «կլոունադա», «էժան պոպուլիզմ»։

Այս մարդկանց համար, փաստորեն, պետական միջոցների նպատակային, արդյունավետ, բարեխիղճ ծախսումն ու դրա դիմաց ակնկալված արդյունքն ստանալու նախանձախնդրությունը, լեգիտիմ պահանջը «կլոունադա» է, «կրկեսային շոու»։

Ակամա հիշեցինք «դասականի» հայտնի արտահայտությունը, թե՝ «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», մինչդեռ, ինչպես պարզվում է, պետական կառավարումն ու բյուջետային միջոցների ծախսումն էր վերածվել կրկեսային ներկայացման, որի արտիստներից ու աճպարարներից շատերը պետական ունեցվածքի թալանի հետևանքով դոլարային միլիոնատեր դարձան և այսօր կանգնած են Հակակոռուպցիոն դատարանի առաջ։

ՀՅԴ-ական պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, որի կուսակցության ներկայացուցիչները «հին ու բարի» ժամանակներում երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիա էին կազմում, մեկումեջ տիրում էին կրթության նախարարի պորտֆելը, հայտարարել է. «Փաշինյանը գիտակցում է, որ իր անձից և կառավարությունից դժգոհությունը հասնում է աստղաբաշխական չափերի, և հիմա ուզում է ամեն ինչ անել, որպեսզի մեղքը բաշխի իր թիմակիցների, ենթակաների, շրջապատի վրա։ Հասկանում է, որ այլևս որևէ մեկը չի հավատում և չի ուզում լսել նախկիններին ուղղված մեղադրանքը, թե բոլոր դժբախտություններում նախկիններն են մեղավոր։ Պատասխան տալու ժամանակն է, և նա օգտագործում է հին հնարքը, որն օգտագործում էր 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, թե ինքը մեղք չունի, ուրիշների մեղքով պարտվեց։ Դրա համար էլ այս շոուները, կլոունադան է կազմակերպում՝ գնալ կախիչ քանդել, զուգարան նայել, աղբի դույլ նայել, սա էժան պոպուլիզմ է։ …Սա է։ Ձուկը, որ նեխում է, սկսում են պոչից մաքրել, մինչդեռ նեխել է կառավարությունը, կառավարության գլուխը։ Վերջիններիս պետք է փոխել, այլապես անդառնալի կորուստներ կունենանք»։

Տպավորություն ունենք, որ պարոն Խաչատրյանի շրջապատում ձկները, այն էլ՝ գլխից նեխած, բավական շատ են, իսկ նրա մտքի այս փայլատակումն էլ այդ նեխահոտից գերդոզավորում ստանալու հետևանք է։ Այլապես, որպես ընդդիմադիր գործիչ և ՀՀ հարկատու, իր հերթին նախանձախնդրություն կցուցաբերեր, որպեսզի պետական միջոցների վատնում և փոշիացում, ինչպես «հին ու բարի ժամանակներում» էր, տեղի չունենա։

Մեկ այլ ընդդիմադիր գործիչ էլ՝ կարկառուն ՀՀԿ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոստովանել է՝ ուշադիր հետևում է վարչապետի մարզային վերջին այցերին և անմասն չի մնացել հանրային քննարկումների «թոփ թեմային»։

«Ինքը հասել է իր նպատակին, լուրջ մարդիկ այս քանի օր է՝ ամբողջ լրատվական դաշտը, մենք էլ՝ հետը, քննարկում ենք սանտեխնիկայի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանի նպատակն էլ հենց դա է, որպեսզի մենք Հայաստանի թուրքացման ու ադրբեջանականացման սպառնալիքի փոխարեն՝ խոսենք իր երազած պետությունից ու այդ ժամանակաշրջանից, որտեղ էականը ոչ թե ոգեղենն է, այլ ստամոքսը, ունիտազն է ու կանալիզացիան»։

Շարմազանովն այն կուսակցության ներկայացուցիչն է, ի դեպ, որի ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի օրոք պետական միջոցների թալանն առանձնակի ոգեղենությամբ էր իրականացվում, իսկ հայտնի «ատկատների», կոռուպցիոն սխեմաների, պետական բյուջեի մսխումների և մյուս այլանդակությունների մասին աղաղակում էին ոչ թե «օրահացով» վարձատրվղ ընդդիմադիր գործիչները, այլ նույն Սերժ Սարգսյանի նշանակած պաշտոնյաները, որոնցից մեկն էլ Վերահսկիչ պալատի նախագահ, ՊՈՒ ցուցակով 2021-ին ԱԺ պատգամավոր դարձած, հետո խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանն էր։ Թարմացնենք ՀՀԿ-ական Շարմազանովի ու Խաչատրյանի հիշողությունը՝ գնալով մի 10-11 տարի հետ։ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ Իշխան Զաքարյանը խորհրդարան էր գնացել մալուխը ձեռքին և, այն ցույց տալով պատգամավորներին, ասել, որ շենքերի կառուցման ժամանակ այդպիսի մալուխ է օգտագործվել, որի գինը խանութներում 110 դրամ է, իսկ նախահաշիվներում դրա գինը ներկայացվել է 1007 դրամ: ՎՊ-ն բացահայտել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 10 կրթական օբյեկտներում՝ 707,850.92 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված շինարարության, հիմնանորոգման և նախագծային աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 52,197.58 հազ. դրամ գումարի չափով խախտում:

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ընտրանքային կարգով 16 օբյեկտներում իրականացրած 510,200.05 հազ. դրամի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 32,932.4 հազ. դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում: «Ձեր ներկայացրած հաշվետվությունը ցույց է տալիս, որ մենք զանգվածային ալան-թալանի հետ գործ ունենք»,-հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Նույն այս կառույցի՝ ՎՊ-ի հաշվարկներն էին, որոնք բացահայտեցին, թե «ատկատները» շինարարական արժեքի մեջ քանի տոկոս են կազմում՝ ավելի քան 80 տոկոս: ՎՊ-ն պարզել էր, որ շինարարական նախահաշիվներում կիրառվող միջինացված տոկոսադրույքները ունեն հետևյալ պատկերը. ԱԱՀ՝ 20 %, վերադիր ծախսեր՝ 13,3 %, շահույթ՝ 11 %, ժամանակավոր շենք-շինություններ՝ 3%, չնախատեսված ծախսեր՝ 6%, շինարարական աղբի տեղափոխում՝ 0,15 %, փոքր ծավալի շինարարության համար հատկացված լրացուցիչ ծախսեր՝ 2%, այլ նյութերի քանակը հաշվի առնող ծախսեր՝ 5 %, փաթեթավորման ծախսեր՝ 2%, տրանսպորտային ծախսեր՝ 9 %, բնակլիմայական ազդեցությունը հաշվի առնող նորմեր՝ 1,2 %, նախագծային աշխատանքներ՝ 3,5 %, տեխնիկական հսկողություն՝ 1,5 %, հեղինակային հսկողություն՝ 0,6 %, նախագծերի փորձաքննություն՝ 0,3 %: Այս ամենի հանրագումարում ստացվել էր, որ պետության միջոցներով կատարվող ցանկացած շինարարություն պետությանն արժենում է իրական արժեքից 83 %-ով ավելի թանկ: Հենց այս ուռճացված տոկոսներում էլ, ըստ ՎՊ-ի, թաքնվում են «ատկատները»:

«Մենք խորապես համոզված ենք, որ «ատկատներ» կոչվող երևույթը գնում է հենց այս գումարներից: Մենք խորապես համոզված ենք, որ հաճախ առանց հիմքերի, հաճախ առանց տրամաբանության, նախարարի մեկ հրամանով՝ վերադիր ծախսերը 5.3 %-ից դառնում են 13 %»,- նշել էր ՎՊ նախագահը՝ բերելով նաև կոնկրետ օրինակ: «Դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, մշակույթի տներում, ցանկացած տեղ տեղադրում են հիմնականում տեղական արտադրության եվրոդռներ-պատուհաններ, բայց կիրառում են տոկոսներ՝ պահեստավորման, փաթեթավորման, տեղափոխման համար, ինչ ասես գրում են, ուզում են ցույց տալ, որ դպրոցում տեղ չկա, հատուկ տեղ են պատրաստում, որ պահեստավորում անեն, փաթեթավորում են»:

Ի. Զաքարյանի խոսքով՝ «ատկատների» այս մեխանիզմը նորություն չէ, «այս տոկոսները հնուց եկած նորմեր են, որևէ անգամ չեն փոխվել»:

Ի դեպ, որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ: «Այո՛, այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաև հասարակական ընկալում, թե ամենուր և ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք: Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան: Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաև միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում: Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել և ենթարկելու ենք այդ երևույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երևույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որևէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Նա նաև կշտամբել էր Զաքարյանին՝ ասելով. «Դու քաղաքական գործիչ չես, հասկանո՞ւմ ես, դու պարտավոր ես փաստերն ի հայտ բերել: Դուք պետք է հասկանաք, որ որևէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է՝ դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Մարդը պետք է պատրաստվի ցանկացած պատասխանի և հաշվետվության, տեմպի տակ չընկնի: Դա շատ կարևոր հատկանիշ է ղեկավար մարդու համար: Դու պիտի հասկանաս, մարդիկ լսում են, պաշտոնատար անձը հայտարարություն է անում: Ինձ մոտ եկել են մշակույթի գործիչներ, ասում են՝ էս ո՞նց է, 700 մլրդ-ը բա ո՞վ է կերել: Ու ընդհանրապես՝ կարելի՞ է պատկերացնել, թե 900 մլրդ-ից 700-ը կարելի է ուտել, Իշխան: Դու պատկերացնո՞ւմ ես դա»։

Այս կշտամբանքից հետո Իշխան Զաքարյանի՝ հաջորդ տարիների բացահայտումների տրցակը շեշտակի բարակեց, ձայնն էլ նվաղեց՝ հավանաբար սկանդալների ու ավելորդ գլխացավանքի մեջ չհայտնվելու համար։

Կոնստրուկտիվ առաջարկ ունենք Շարմազանովին ու Խաչատրյանին՝ մի քիչ ջանք թափել ու հաշվել, թե քանի՞ հոգի պատժվեց այս՝ «ոչ պոպուլիստական», «ոչ կրկեսային» բացահայտումների և «ռեալիթի շոուից» հետո, և թալանված միջոցների քանի՞ տոկոսը վերականգնվեց պետբյուջե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ