Մայրը 7 ամսական դստերը քնեցրել է օրորոցում. ժամեր անց հայրը երեխային մահացած է հայտնաբերել

Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 7 ամսական Մարիամ Ս.-ն է:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում, իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ