Պետական և ժողովրդական շահերը պետք է համադրել

Դիվանագիտությունը յուրաքանչյուր երկրի համար այլ երկրների և կառույցների հետ հարաբերություններ կառուցելու գլխավոր գործիքներից մեկն է։ Յուրաքանչյուր պետություն դիվանագիտական խողովակներով ներկայացնում իր սեփական շահը, կարգավորում վիճելի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարցեր։

Ժամանակակից փոփոխվող աշխարհում դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ՝ գնալով ավելի է մեծանում։ Եթե բժշկի կամ սակրավորի սխալը կարող է վտանգել մեկ կամ մի քանի հոգու կյանք, ապա դիվանագետի սխալը կարող է վտանգել ամբողջ երկրին։

Դիվանագիտությունն արտաքին քաղաքականության գործիք է, իսկ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, հետևաբար, արտաքին քաղաքականությունը լուծում է ոչ միայն արտաքին քաղաքական հարցեր, այլ նաև ներքին։ Շատ կարևոր է, որպեսզի պետական դիվանագիտությունն ու ժողովրդական պահանջը հակադիր չլինեն։

2018 թվականի հեղափոխությամբ հայ ժողովուրդն ընտրեց իրական ժողովրդավարության համակարգը ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ նրանցից որոշակի սպասելիքներից դրդված, այլ որովհետև այդ համամարդկային արժեքները ճշմարիտ արժեքներ են։

2020 թվականի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանը ստիպված եղավ վերանայել իր հարաբերությունները շատ երկրների և կառույցների հետ։ Այսպես ասած՝ ռազմավարական դաշնակիցներն ու կառույցներն իրենց ոչ բարեկամական քաղաքականությամբ և քայլերով հսկայական անդունդ բացեցին իրենց և Հայաստանի միջև։ Անդունդ, որը նկատելի դարձավ նաև շարքային քաղաքացիների համար։ Եվ հենց սրանով է պայմանավորված, որ այսօր Հայաստանում ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են իշխանություններից պահանջում փոխել կամ վերանայել պետական, դիվանագիտական հարաբերություններն այս կամ այն երկրի հետ։ Օրինակներից՝ թերևս ամենակնառուն հայ-ռուսական հարաբերություններն են։

2020 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններն ավելի խորացրեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը։ Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր ավելի զգայուն է դարձել Ռուսաստանի հետ տարվող քաղաքականության հանդեպ, ավելի սուր է արձագանքում նույնիսկ հայ պաշտոնյաների Ռուսաստան կատարած այցերին։

Կարևոր է այն, որ պետական դիվանագիտությունն առաջնորդվի ոչ թե հույզերով, այլ սառը քաղաքական քայլերով ու դատողություններով։ Սակայն սա չի նշանակում նաև, որ այն պետք է հակադրվի ժողովրդական թեկուզ նաև հուզական պահանջին ու քաղաքացիների արդարացի դժգոհություններին, հատկապես, որ պետական դիվանագիտության պատասխանատուներն այդ պաշտոններին նշանակվել են ժողովուրդն իր ազատ և արդար ընտրության արդյունքում։

Այո՛, այս կամ այն երկրի հետ պետական քաղաքականությունը պետք է կառուցել սեփական երկրի շահերի առաջնորդությամբ, բայց այդ շահերը նախևառաջ ժողովրդի շահերն են։ Հետևաբար, արդյունավետ դիվանագիտությունն այն է, երբ միաձուլվում են պետական և ժողովրդական շահերն ու պահանջները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ