Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան

Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանվի մեր սուվերեն տարածքը պաշտպանվի։ Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով չենք կարող որևէ ակնկալիք ունենալ»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, գնահատական կտա և կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու Հայաստանի սահմանները, ապա հայկական կողմը կհասկանա՝ ինչ է անելու:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարում է՝ իր դիտորները պատրաստ են գալ Հայաստան, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկում ՀՀ-ին, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական որևէ օգնություն ՀՀ-ին չի առաջարկվել, իսկ երբ ՀԱՊԿ դիտորնդերին հարցրել են, թե գալիս են ո՞ր սահմանը պաշտպանելու, որևէ հստակ պատասխան չի տրվել:

«ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատախանատվության գոտին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար», — հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ