Աղջիկ երեխա ունեցող պաշտոնյաները. Երևանի քաղաքապետը, արդարադատության նախարարն ունեն երեք դուստր, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները 5 երեխայի հայր են

«Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները նույնպես պետք է թողնել նախորդ դարում, թեկուզ նոր տարին սկսել մի փոքր այդ մտածողության փոփոխությամբ: Անկախ սեռից՝ բոլորն ունեն ծնվելու և ապրելու իրավունք, և մանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են և բնությանը դեմ գործընթաց»,- այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հղիության սելեկտիվ ընդհատումը լրջագույն խնդիր է ողջ աշխարհում, և ՀՀ-ն այդ առումով բացառություն չէ։ Համաձայն 2021 թ. Գենդերային խզման գլոբալ զեկույցի՝ տարածաշրջանում Հայաստանի գենդերային խզման ցուցանիշն ամենաբարձրն է. 153 երկրների մեջ Հայաստանը 98-րդ տեղում է, Վրաստանը՝ 74-րդ, իսկ Ադրբեջանը՝ 94-րդ։ ՀՀ-ն նորածինների սեռերի համամասնության ամենամեծ շեղում ունեցող երկրների թվում է։ «Նորածինների սեռերի անհամամասնությունը սկսել է աստիճանաբար աճել 1990-ականների սկզբից։ 1995 թ.-ին 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա, 1998 թ. այդ ցուցանիշը գերազանցել է 115-ը, իսկ 2000 թ.-ին հասել է 120-ի (նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակ է համարվում 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ ցուցանիշը)։

Հետագայում, սակայն, որոշակի բարելավումներ նկատվել են նորածինների սեռերի անհամամասնության կրճատման մեջ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նորածինների սեռերի համամասնությունը 2021 թ.-ին եղել է 108.8 տղա 100 աղջկա հաշվով: 2022 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ցուցանիշը կրկին աճել է՝ հասնելով 111-ի, ինչը 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալների (108) համեմատությամբ աճել է 3 նիշով»,- տեղեկանում ենք «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում-2022» հետազոտությունից, որն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակը աշխարհում 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ է։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2021 թ. Հայաստանում սեռերի համամասնության ամենամեծ շեղումը գրանցվել է Արմավիրում և Լոռիում, որոնց հաջորդում են Շիրակը և Սյունիքը։ Լոռին միակ մարզն է, որտեղ սեռերի անհամամասնությունն աճել է 2016 թ. համեմատ, մինչդեռ 2016 թ. Լոռիում սեռերի անհամամասնությունը ամենափոքրն է եղել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ ծննդյան ժամանակ սեռերի հարաբերակցության ամենամեծ տարբերությունը գրանցվում է 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում։ Եթե 3-րդ երեխայի դեպքում սեռերի հարաբերակցությունը 2005 թ. կազմել է 183 տղա 100 աղջկա հաշվով, ապա այս ցուցանիշը 2021 թ. նվազել է մինչև 121 տղա 100 աղջկա հաշվով։ Առաջին երեխայի ծննդյան ժամանակ սեռերի հարաբերակցությունը շատ չի փոխվել, սակայն 2-րդ երեխայի դեպքում հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց 110 տղայից նվազել է մինչև 103 տղա: 2021 թ. նորածինների սեռերի համամասնությունը կազմել է 108.8 տղա 100 աղջկա հաշվով։ Նկատենք, որ 2023 թ. մարտին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, մեջբերելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հարց հղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ նկատելով, որ 2022 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ծնելիության անկում՝ ի տարբերություն 2021 թվականի, երբ կար աճ։ «Մեկ հետաքրքիր տենդենց կա, որի մասին պետք է խոսենք երկրի թիվ մեկ ամբիոնից։

Ուրեմն՝ ծնված տղաների թիվն աճել է, ծնված աղջիկների թիվը՝ նվազել։ Այսինքն՝ փաստացի մենք ունենք սելեկտիվ աբորտների թվի աճ։ Մեզ մոտ 110 տղայի հաշվարկով ծնվում է 100 աղջիկ, իսկ չմիջամտված դեպքերում պետք է լինի 105-ը 100-ի։ 6 աղջիկ քիչ է ծնվում ամեն ծնված 100 երեխայի հաշվարկով։ Մենք այստեղ խոսում էինք ընդհանուր ծնելիության մասով, եթե մենք քիչ աղջիկներ ենք ունենում, ապա մենք վաղը հնարավորություն չունենք նորից ունենալու տղաներ և աղջիկներ։ Մենք պետք է շարունակենք խոսել ու հանրային արշավներ անենք այս տեսանկյունից, որպեսզի ոչ մի աղջիկ պտուղ չհեռացվի։ Նաև հատուկ քայլեր անենք ոչ պատժիչ մեխանիզմով»,- առաջարկեց Արսեն Թորոսյանը։

Համաձայնելով Արսեն Թորոսյանի առաջարկի հետ՝ Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչն է ծնելիության նվազման պատճառը։ «Սրա հիմնապատճառները մեր կողմից բազմիցս քննարկվել են։ Տեսնում ենք, որ թե՛ 2021 թվականի ընթացքում և թե՛ 2022 թվականի առաջին շրջանում եղել է շրջան, որ ամուսնությունները բավականին քիչ են գրանցվել։ Պետք է ասեմ, որ 2022 թվականի հունվար ամիսը մեզ որոշակի հույս է տալիս, որ այդ միտումն այս տարի հակառակ ուղղությամբ է գնալու։ Այս տարի հունվար ամսին մենք ունեցել ենք վերջին երեք տարիների ընթացքում ամենաբարձր ծնելիությունը, առաջին անգամ 3 հազարը հատել ենք հունվար ամսի համար»,- նշեց Աբամեսյանը։

Ինչ վերաբերում է սելեկտիվ աբորտներին, ապա, նախարարի խոսքով. «Պետք է ասեմ, որ մինչև պատերազմը մեզ մոտ բավականին լավ ցուցանիշ էր, մենք ամեն տարի ունեինք նվազում։ Ցավոք, պատերազմից հետո նորից որոշակի փոփոխություն եղավ հասարակության տրամադրության, ընկալման մեջ։ Տղա երեխաների մասով վիճակագրությունը փոխվեց»։ Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեք դուստրերի հայր է, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ երկու դուստր և երկու որդի ունի։

Երեք դուստր և մեկ որդի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեք դուստր մեկ որդի ունի նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ երեք դուստրերի հայր է, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ունի երկու դուստր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բազմազավակ հայր է՝ ունի երկու դուստր և երեք որդի, բազմազավակ է նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ունի 5 երեխա՝ երկու դուստր, երեք որդի։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկ դուստր ունի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ դուստր, երկու որդի ունի, երկու դուստր, մեկ որդի ունի ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը, երկու դուստր ունի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, երկու դուստր, մեկ որդի էլ ունի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ ԱԺ-ի բազմազավակ հայրերից են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը՝ ունի մեկ դուստր, հինգ որդի, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ չորս որդի ունի, երեք որդի էլ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ունի։

Նշենք, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք ամուսնացած չեն։ Մասնավորապես՝ Ռուստամ Բաքոյանը, Ալխաս Ղազարյանը, Մերի Գալստյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Զեմֆիրա Միրզոևան, Աննա Մկրտչյանը, Մհեր Մելքոնյանը, Վահագն Ալեքսանյանը։ Հոկտեմբերի 11-ը, ինչպես հատնի է, ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես աղջիկ երեխաների իրավունքների պաշտպանության օր: Մասնագետները զգուշացնում են՝ սեռերի հարաբերակցության խախտումը մի շարք վտանգներ է պարունակում և կարող է լրացուցիչ դրդապատճառ դառնալ տղամարդկանց արտագաղթի մեծացման համար՝ միաժամանակ հանգեցնելով ամուսնության հետաձգման և ամուրիության մակարդակի աճի: Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրությունը կանխարգելելու համար կառավարությունն իրականացնում է պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման ծրագրեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ