Կարծում են՝ պետք է անպայման ինչ-որ մեկի վեցնոցը լինեմ․ Ֆաշիստական սիմվոլիկայով քայլերթի կազմակերպիչը փոշմանել է

Հունվարի 1-ին Երևանում Գարեգին Նժդեհի ծննդյան օրը վերջինիս արձանի մոտ տեղի ունեցած՝ ֆաշիստական սիմվոլիկայով, հակասեմական ուղղվածությամբ քայլերթի կազմակերպիչներին և մասնակիցներին անդրադարձել ենք նախորդիվ։ Նշել էինք, որ հավաք-քայլերթի կազմակերպիչները «Հոսանք» անունով ՀԿ-ի ղեկավարն ու անդամներն են, և առաջիկա միջոցառումը, որը ՀԿ-ն պլանավորել է իրականացնել, լինելու է «Ցեղակրոնության օրը»՝ հունվարի 14-ին։

Հանրային բուռն՝ բացասական արձագանքից հետո սույն կազմակերպության ղեկավար Հայկ Նազարյանը որոշել է արդարանալ և «Հոսանք»-ի կայքում պարզաբանմամբ է հանդես եկել։ «Ռուսամետ թևը ինձ պիտակավորում է որպես «սորոսական», արևմտամետ թևը՝ «ԿԳԲ-ի գործակալ», ընդդիմադիր թևը՝ «նիկոլական», նիկոլական թևը՝ «քոչարյանական», հայրենիքը հեռվից սիրող սփյուռքահայերը՝ «թուրքական դերասան», և նման այլ անհիմն հիմարություններ։ Նման բաներ հնչեցողների մեծ մասը պարզապես անգրագետ մարդիկ են, բայց զարմանալին այն է, որ նման բաներ հնչեցնում են նաև իրենց քաղաքական վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ համարողները, և դա անում են առանց իմ կյանքը կամ իմ հիմնադրած շարժումը (որը հիմնադրեցի երկու տարի առաջ) նույնիսկ 2 րոպե ուսումնասիրելով։․․․․ Զավեշտալի է, որ կարծում են պետք է անպայման ինչ-որ մեկի վեցնոցը կամ գործակալը լինեմ, ինչ է թե երկու տարի իմ քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել եմ մի բուռ հայ ազգայնականներին համախմբել մի գաղափարի ու դրոշի շուրջ և դուրս հանել խաղաղ հանրահավաքի ու քայլերթի համար»։

Նազարյանը նշել է նաև, թե՝ «հասկանում եմ, որ մեր դրսևորումը գուցե ճիշտ չէր մեր հասարակության համար, քանի որ ինչպես արդեն մի քանի օր առաջ նշեցի, դա սխալ ընկալվեց բազմաթիվ մեր հայրենակիցների կողմից»։

«Եվ մենք այդ ամենը հաշվի ենք առնում ապագա հանրահավաքների ու քայլերթերի համար, և կատարելու ենք որոշ փոփոխություններ, բայց այնուամենայնիվ, ինչ արեցինք անկեղծ էր ու մեր սեփական սակավաթիվ ռեսուրսներով կատարած։ Դա է ամենակարևորը»,-նշել է ԱՄՆ-ից ՀՀ եկած ու ՀՀ-ում հաստատված նորածիլ ազգայնականը, որը, ի դեպ, «5-րդ ալիք»-ին հարցազրույց է տվել և նշել է, թե միջազգային մամուլը, որը բուռն էր անդրադարձել հիշյալ ակցիային, ուզում է սևացնել իրենց, մինչդեռ իրենք որևէ բռնության կոչ, ազգամիջյան թշնամանք չեն քարոզել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ