Վարչապետի այցից հետո եղած հրաժարականները ազդակ են նաև ինձ համար, թե ինչպես պետք է աշխատել․ Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձ կատարեց վերջին շրջանում վարչապետի մարզային այցեր կատարելու ժամանակ որոշ աշխատանքներում ի հայտ եկած թերությունների հետևանքով ազատված պաշտոնյանների դեպքին։

Նրա խոսքով՝ վարչապետի այցից հետո եղած հրաժարականները նաև իր համար են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել։

«Վարչապետի այցերի արդյունքում բոլորս հրաժարականներ տեսանք, համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ եղան, թերի աշխատանքը անպայման պետք է ունենա իր հետևանքը։ Իմ ունեցած ինֆորմացիայով, քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է, որպեսզի հասկանան մրցույթների հայտարարման տեխնիկական առաջադրանքներում, աշխատանքի ընդունման-հանձնման ընթացքում կա՞ անհամապատասխանություն, եթե նման դեպքեր լինեն, բնական է՝ վարույթներ կլինեն։

Ինչ վերաբերվում է այլ պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է․ երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնականաբար պետք է հետևանքներ լինեն․ Շատ հաճախ այլ պայմաններում, կամ նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված և ոչ հանրային, ի ուրախություն մեր քաղաքացիների, թափանցիկ բաց է տեղի ունենում դա։ Եվ դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, դրանց ղեկավարներին, նախարարներին, անձամբ ինձ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել են: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել էր Լոռու մարզ, այցելել նորակառույց դպրոցներ և հաստատություններում արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր երկու պաշտոնյաների ազատումը:

Երկու պաշտոնյանների աշխատանքից ազատմանը հաջորդել էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնից ազատմանը , այն բանից հետո, երբ վարչապետը թերություններ էր գտել մարզի դպրոցներում կատարված աշխատանքների արդյունքներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ