Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ, ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով:
Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև անկողմնակալ ու փաստերի իսկությունը ստուգող կազմակերպություն՝ օգտատերերին վստահություն ներշնչելու և հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի ու հասարակությանը պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում», — փաստում է փորձագիտական զեկույցը, մանրամասնելով՝ ապրիլի 15-ին հայկական օնլայն մեդիա տարածքում սկսեց շրջանառվել #SutNikol հեշթեգը:
Ուսումնասիրելով սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ փոխկապակցված 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար՝ AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյան, «Ադեկվադի» հիմնադիրներ՝ Արթուր Դանիելյան, Նարեկ Մալյան և Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյան:
տեսանյութը՝ Azatutyun.am