Խաղաղության պայմանագրի կնքումը կախված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից, Ադրբեջանը դրան է սպասում. Խաժակյան

«Ադրբեջանը ամեն ինչ անում է ընդհանրական ձևակերպումներ ստանալու համար, առավելագույնը ստանալու և խաղաղության պայմանագրում բազմաթիվ անորոշություններ թողնելու համար, որովհետև իրեն զգում է ավելի ուժեղ կողմ, որը կարող է ընթացքում այդ անորոշություններից օգտվել»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատել սահմանազատման աշխատանքներից։

Խաժակյանը նշում է, որ բանակցությունները կշարունակվեն երկկողմանի, բայց հանդիպումներից Ադրբեջանը դեռևս խուսափում է. «Նախորդ տարի Օ’Բրայանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է լինի արտգործնախարարների հանդիպում, ենթադրվում էր՝ այս տարեմուտին։ Կտեսնենք՝ այդ հանդիպումը տեղի կունենա՞, թե՞ ոչ, բայց եթե կայանա, ապա հաջորդը պետք է լինի երկրների ղեկավարների հանդիպումը, որը կրկին մեծ հարց է, թե որ հարթակում տեղի կունենա։ Վերջին մի քանի հանդիպումներին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել, ու այս առումով արևմտյան հարթակները բախվել են նոր խնդրի՝ Ալիևին բերել բանակցությունների»։

Հարցին, թե արդյոք Հայաստանին ձեռնտո՞ւ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Խաժակյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Բրյուսելում կամ Վաշինգտոնում՝ որոշակի երաշխիքային մեխանիզմներով, որոնք կտար Արևմուտքը։ Իրողությունը այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն կարողանում Արցախի հայաթափումից հետո կազմակերպել հանդիպում, որովհետև Ալիևը հրաժարվում է դրանց մասնակցել։ Նույնը կասեմ ռուսական կողմի մասով։ Փաստ չէ, որ եթե ՀՀ-ն ցանկանար գնալ Մոսկվայում բանակցել Պուտինի միջնորդությամբ, ապա Ադրբեջանը կհամաձայներ»։

Խաժակյանը նշում է, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության պայմանագրի, որովհետև սպասում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը. «Ադրբեջանը սպասում է ուկրաինական ճակատի իրավիճակի հանգուցալուծմանը, կամ եթե դա երկար ձգվի, ապա գոնե ամերիկյան ընտրությունների արդյունքներին, որը կրկին ազդելու է ուկրաինական ճակատի վրա։ Որովհետև եթե ընտրվի Թրամփը, ապա այդ պարագայում հավանականությունը մեծ է, որ կլինի ընդհանուր հայտարար ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջև, պատերազմը կդադարի, և ՌԴ-ն հնարավորություն կունենա վերադառնալու Կովկաս ու խաղաղության իր պլանը առաջարկելու, և Ադրբեջանը կարծես դրան էլ սպասում է»։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ավագանու աշխատանքին, Խաժակյանը ասաց. «Հայհոյանքները, որոնք հնչում են, կանխատեսելի էին, որ եթե ԱԺ-ում եղած ուժի դուստր ձեռնարկությունը պետք է անցնի Երևանի ավագանի, իրավիճակը մոտավորապես նույնը պետք է լինի… Ընդդիմությունը, լինելով մեծամասնություն, չի կարողանում որևէ փոփոխություն անել»։

Ըստ Խաժակյանի՝ առաջիկայում ավելի սուր են լինելու «Մայր Հայաստան»-ի, Մարությանի ու Վարդան Ղուկասյանի ուժերի միջև բախումները, որովհետև իրենք ունեն բոլորովին տարբեր մոտեցումներ. «Կարծում եմ՝ առաջիկայում իրենք փորձելու են միմյանց չեզոքացնել, հետո նոր անցնել իշխանությանը, որը շատ հարմար պայմաններ է ստեղծում իշխանությանը աշխատելու համար»։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա, ըստ Խաժակյանի, այդ մանդատները ընդդիմությանը առաջին հերթին անհրաժեշտ են, որպեսզի կարողանան իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած հարցադրումները հրապարակային դաշտում որոշակի գործիչների միջոցով ապահովել. «Որ մարդիկ խոսեն, ասեն, որ քրեական հետապնդման են ենթարկվում, դա քաղաքական հետապնդում է և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ