44-օրյա պատերազմի հետ կապված դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրգործ, 99-ը սպաներ են. ՔԿ նախագահ

«Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի հետ կապված դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, 99-ը սպաներ են։ Գործերի ճնշող մեծամասնությունը դատաքննության փուլում է»,- «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՔԿ նախագահը նշել է, որ այս պահի դրությամբ առնվազն 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. «Դատաքննությունը ցույց կտա՝ մեղավոր են այս մարդիկ, թե ոչ։ Բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, իմ կարծիքով, մենք ունենք։ Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունն է նպաստել պարտությանը»,- ասել է Քյարամյանը։

Վերջինս նշել է, որ արդյունավետ քննություն ապահովելու տեսանկյունից վարույթները բաժանել են ըստ ուղղությունների՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի, 1-ին բանակային կորոպուստի ուղղություններ, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի հետ կապված խնդիրներ և ևս մեկ ուղղություն։

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- ասել է Քյարամյանը՝ չնշելով կոնկրետ ուղղությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ