Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, նույնն է թե՝ խաղաղության պայմանագրին կտրուկ և հաստատակամ «ոչ», եթե կուզեք՝ «նյետ» ասող ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության որոշ անդամների, որոշել է ամիսը մեկ պարբերականությամբ թարմացնել իր դիրքորոշումն ու աղաղակել իր մտահոգությունների մասին։
Քաղաքական օրակարգի սնանկությունը, այո, կարող է ստիպել ընդդիմությանը ընդհուպ ստանձնել մի ֆունկցիա, որը բնորոշ է թութակին։ Նախ նշենք, որ դեռ դեկտեմբերի սկզբին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նշել էր, թե մոտ մեկ ամիս առաջ, Ազգային ժողովի երեք պատգամավորներով՝ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանն ու ինքը, դիմել են ԱԳՆ-ին՝ «Նախարարությանը հարմար վայրում, հարմար ձևաչափով ծանոթանալու այն ժամանակ դեռ Հայաստանի կողմից պատասխաններ չտրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկած փաթեթին», որին նաև ՀՀ-ն է պատասխանել, սակայն Արտաքին գործերի նախարարությունը, «խախտելով կանոնակարգը, պաշտոնյաների և քաղաքացիների տեղեկատվության ազատության մասին օրենքը՝ որևէ կերպ չի պատասխանում, չի հիմնավորում, մերժվու՞մ է արդյոք մեր դիմումը, ի՞նչ պատճառով է մերժվում, կամ, եթե չի մերժվում, ապա ի՞նչ ընթացքում է գտնվում»:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ արձագանքելով Մանուկյանին նշել էր՝ պատգամավորների նամակին պատասխան տրվել է պատշաճ ժամկետներում: «Ես առաջարկում եմ և՛ Դուք, և՛ ես ստուգենք այս տեղեկատվությունը: Որևէ հիմք չկար չպատասխանելու: Ինչպես նաև հիմա, նույնիսկ, եթե նամակը չի ուղարկվել, կամ ինչ-որ այլ անհասկանալի սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով ձեզ չի հասել որևէ խնդիր չեմ տեսնում, որ կազմակերպենք Ձեր ասած այցելությունը: ․․․Դուք ունեք գաղտնիության հասանելիություն՝ որոշակի մակարդակի: Եվ, եթե նույնիսկ այդ մակարդակից էլ բարձր է, այստեղ կրկին ոչ մի գաղտնի բան չկա: Դուք կարող եք գալ արտաքին գործերի նախարարություն համապատասխան բաժնում, եթե չեք ուզի իմ աշխատասենյակում, գաղտնի փաստաթղթերի բաժնում, նստել Ձեզ փաստաթուղթը կներկայացվի, կկարդաք, կարող եք դուրս գալ»:
Հարցուպատասխանից օրեր անց Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում, իր, Աննա Գրիգորյանի և Քրիստինե Վարդանյանի անունից «գուժեց»․ «Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:
Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»։ Գրեթե նույն տեքստը «մտահոգ» այս պատգամավորները՝ գումարած նաև մեկ հայաստանական՝ Արթուր Խաչատրյանը, որոշել են տիրաժավորել նաև այսօր՝ ակնհայտորեն մեկ նպատակ հետապնդելով՝տաք պահել թեման ու վերամտահոգել մտահոգներին։
«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երևանին հղված ադրբեջանական առաջարկներին։
Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։ Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»:
Ակնհայտ է, որ սույն քաղաքական գործիչների նպատակը նախ՝ քարոզչական մակարդակում ֆիքսելն է, որ խաղաղությունը ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ «քըխ», ժողովրդին էլ վախ ու տագնապ ներշնչել, որ Ադրբեջանը մեզ «գցելու» է, հետևապես պետք չէ հույսեր փայփայել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները երբևէ կկարգավորվեն։ Կարճ ասած՝ պատերազմը կա ու կա։
Իհարկե, կարելի է ոչ թե ամիսը մեկ, այլ՝ օրումեջ պարբերականւթյամբ նմանօրինակ տեքստեր երկնել ու «մտահոգություններ» հնչեցնել՝ ընդդիմադիր ընտրազանգվածի ոգին վառ պահելու համար, սակայն հարց է, թե ի՞նչ խելամիտ, ադեկվատ առաջարկներ ունի ընդդիմությունը, որպեսզի իր կողմից բարձրաձայնված «մտահոգություններն ու անհանգստությունները» ոչ միայն չխորանան, այլև փարատվեն, դե իսկ Ադրբեջանն էլ ձգտի «իրական, արդար և հարատև խաղաղության»։
Սպասում ենք առաջարկների, քանի որ իշխանության հավակնություն ունեցող քաղաքական ուժերը պետք է այլընտրանքներ առաջարկեն, քան սեղանին դրվածն է, ոչ թե զբաղվեն պրիմիտիվ դեմագոգիայով։
Նշենք, որ Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Նոյեմբերի 21-ին էլ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
2023թ․ հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։