Կառավարության, խորհրդարանի և Երեւանի ավագանու «վիշապները», որոնց ձեռքերում է հանրային կյանքի տնօրինումը

Աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, առաջնորդվում է չինական լուսնային օրացույցով, ըստ որի՝ 2024 թվականն առասպելական էակի՝ վիշապի տարի է, այն էլ՝ կանաչ փայտե՝ կայունություն եւ ներդաշնակություն խորհրդանշող վիշապի։

Ենթադրվում էր, որ վիշապն իր օրացուցային կարգավիճակից զատ՝ ունենալու է նաեւ կոմերցիոն նշանակություն՝ վաճառասրահներում ժպտացող (ինչեր ասես, թե չես անի հանուն կոմերցիայի, նույնիսկ կստիպես ժպտալ ահեղատես գազանիկներին) վիշապ-արձանիկների, սուվենիրների, մոմերի, զարդ ու զարդարանքի, քաղցրավենիքի տուփերի եւ այն ամենի տեսքով, ինչը որեւէ կերպ կարող է խորհրդանշել վիշապին։

Եվ կամ՝ վիշապը. վիշապի միս, ձու, կաթ կամ բաստուրմա, սակայն, «նորին ամենակարողություն» կոմերցիան (առայժմ) չի կարող առաջարկել, քանի որ առասպելական այդ էակները, ինչպես հայտնի է, ենթակա չեն բուծման, հետեւապես զուրկ են նման բարիքներ արտադրելուց։ Ինչեւէ, «յոլա» կգնանք առանց այդ ամենի էլ՝ բավարարվելով վիշապի հետ կապված կոմերցիոն այլ առաջարկներից՝ ճանաչողական, ծանուցողական։

Մասնավորապես «վիշապ, 2024» բառն ու տարեթիվը համացանցում որոնելիս ահռելի նյութի կհանդիպեք՝ «ինչպես դիմավորել վիշապի տարին», «ինչ գույնի հանդերձանք կրել» (ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն, սպիտակ, կանաչի բոլոր երանգները), «ինչ ճաշատեսակներ դնել սեղանին» (առնվազն 12 տեսակի)․․․․, իսկ էզոթերիկների կանխատեսումներն ի մի բերելիս հավանաբար կհանգեք եզրակացության՝ եկող տարին փոփոխությունների, ստեղծագործական հաջողությունների եւ, այսպես ասած, «գլոբալ երջանկության» տարի է լինելու, վիշապն առատաձեռն է գտնվելու չինական հորոսկոպի՝ մնացած 11 կենդանիների տարում ծնվածների հանդեպ։

Իսկ վիշապի տարում ծնվածների համար տարին խոստանում է լինել հագեցած եւ հետաքրքիր, սպասվում են վերելքներ ու միաժամանակ անկումներ։ Թե ովքեր են (հայաստանյան իրականության մեջ) ծնվել վիշապի տարում, եւ ում է բախտ վիճակվել դիրք ու պաշտոն ստանալ ու կառավարել մեր բոլորիս հանրային կյանքը, ցույց տվեց մեր փոքրիկ հետազոտությունը։

Սկսենք Կառավարությունից․ այստեղ հանգրվանած (թերեւս) միակ «վիշապը» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, ծնվել է 1976 թվականի հոկտեմբեի 1-ին՝ կրակոտ՝ հրեղեն վիշապի տարում։ ՀՀ էկոնոմիկան, փաստորեն, նախքան վիշապի տարին ու վիշապի տարեմուտին էլ շարունակելու է լինել «վիշապի ձեռքում»։

Դատելով կրակոտ վիշապի տարում ծնվածների դրական եւ բացասական բնութագրից՝ նրանց հատուկ են փառասիրությունը, պատասխանատվությունը, ճկունությունը, ակնառու առաջնորդական հմտությունները, ինչպես նաեւ՝ ագրեսիվությունը։

Վիշապի տարում ծնվածների առատություն է Ազգային ժողովում, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Վիշապի, բայց ոչ հրեղեն, այլ՝ հողեղեն, տարում են ծնվել Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս Էդուարդ Աղաջանյանը՝ 1988 թվականի օգոստոսի 29-ին, լրագրող, իրավաբան Սիսակ Գաբրիելյանը՝ 1988 թ․սեպտեմբերի 19-ին, քաղաքագետ, իրավագիտության մագիստրոս Մերի Գալստյանը՝ 1988թ․ հուլիսի 19-ին, միջազգայնագետ, քաղաքագիտության մագիստրոս Հռիփսիմե Գրիգորյանը՝ 1988 թ․ սեպտեմբերի 18-ին, լեզվաբան-երկրագետ, «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով»-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ 1988թ․ փետրվարի 20-ին, լեզվաբան Լիլիթ Կիրակոսյանը՝ 1988 թ․ սեպտեմբերի 13-ին, հեռուստալրագրող Հասմիկ Հակոբյանը՝ 1988 թ․ հուլիսի 19-ին։

Հողեղեն վիշապի տարում ծնվածներին, նշենք, բնութագրական են հավասարակշռությունը, հետաքրքրասիրությունն ու պրպտող միտքը, հաստատակամությունն ու անվճռականությունը։

«Հայաստան» խմբակցության «վիշապներն» են տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՅԴ-ական Թադեւոս Ավետիսյանը, ծնվել է 1976 թ․ապրիլի 19-ին, եւ երկու Մհերները՝ նույնպես ՀՅԴ-ական, Մոսկվայի իրավունքի ինստիտուտն ավարտած Մհեր Մելքոնյանն ու իրավաբան, փաստաբան Մհեր Սահակյանը։ Առաջինը ծնվել է 1976-ի դեկտեմբերի 16-ին, երկրորդը՝ 1988-ի հունվարի 30-ին։

Երեւանի ավագանիում նույնպես «վիշապների» պակաս չկա։ Հողեղեն վիշապի տարում են ծնվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներ Արման Հարությունյանը՝ 1988 թվականին, մետաղյա վիշապի տարում՝ Միքայել Խաչատրյանը՝ 2000 թվականին։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը նույնպես վիշապի տարում է ծնվել՝ 1988 թ․մարտի 19-ին։

«Ազգային առաջընթաց» խմբակցության «վիշապների» ցուցակը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ, նապաստակի կամ ճագարի տարում երկրորդ անգամ քաղաքապետ դառնալու փափագը սրտում կրող Հայկ Մարությանը՝ 1976 թ․ դեկտեմբերի 18-ին։ Ավագանու հաջորդ անդամը ստաժավոր Իզաբելլա Աբգարյանն է, ծնվել է նույն թվականի նոյեմբերի 29-ին։

«Մայր Հայաստան» խմբակցության աչքի ընկած, հրեղեն «վիշապներից», թերեւս, ամենաակնառուն Նարինե Հայրապետյանն է՝ նույն ինքը՝ Նարե Սոսեն, ծնվել է 1976-ի հոկտեմբերի 21-ին։ Եվս մեկ, բայց հողեղեն վիշապ էլ կա սույն խմբակցությունում՝ Արշակ Սարգսյանը, որը, ի տարբերություն Նարե-Սոսեի, առայժմ ոչնչով աչքի չի ընկել։

«Հանրապետություն» խմբակցության միակ հողեղեն վիշապը Մհեր Բեջանյանն է, «Հանրային ձայն»-ի մինուճար վիշապը նորից հողեղեն է՝ Վահե Եսայանը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ վիշապի տարում չի ծնվել, սակայն «Վահագն»-ն անունը սերտ առնչություն ունի վիշապների հետ. հայոց դիցաբանության մեջ Վահագն Վիշապաքաղը, ինչպես պատմությունն է ավանդել, խավարի վիշապների դեմ պայքարող աստվածություն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ