Ամանորը Գյումրիում նշելու գնացած ամուսիններից տղամարդուն մահացած են գտել. նոր մանրամասներ դեպքից ու կնոջ վիճակից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Վանաձորցի ամուսիների՝ Ամանորը Գյումրիում դիմավորելու և տոնական օրերն անցկացնելու որոշումը դժբախտ ավարտ էր ունեցել:

Կուրղինյան փողոցում նրանց վարձակալած տանը հայտնաբերվել էր 53-ամյա ամուսնու դին, իսկ 48-ամյա կինը անգիտակից վիճակով, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Գյումրի» ԲԿ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց, կինն ընդունվել է ծանր վիճակում, բայց այսօր արդեն բավարար վիճակով դուրս է գրվել հիվանդանոցից:

Ամուսինները Գյումրի օրեր առաջ էին ժամանել, տանտիրոջից խնդրել են ևս մեկ օր մնալ: Հունվարի 2-ին, երբ չեն վերադարձել Վանաձոր ու չեն պատասխանել հեռախոսազանգերին, անհանգստացած հարազատները սկսել են փնտրել նրանց:

Վարձակալված տան դուռը հատուկ տեխնիկայի միջոցով բացելուց հետո տղամարդը մահացած է հայտնաբերվել, կինն՝ անգիտակից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների շրջանառությունը )։

Իրականացվում է նախաքննություն կատարվածի հանգամանքները պարզելու համար:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատատեխնիկական փորձաքննություններ։

Կան խոսակցություններ, որ տունը, որը վարձակալել են ամուսիները, զրկված է եղել գազի սարքերի օգտագործումից, խողովակները եղել են կապարակնիքված, սակայն դրանք տանտիրոջ կողմից հեռացվել են:

Մեր այս հարցին ի պատասխան ՔԿ-ից պատասխանեցին. «Դեպքի հետ կապված մնացած բոլոր հանգամանքները քննության ենթակա հանգամանքներ են, կպարզվեն նախաքննության ընթացքում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ