6 պատմություն Ամանորի մասին․թե ինչպես են իտալացին, հնդիկը, նիգերիացին, շոտլանդացին,չինացին ու ավստրիացին նշում Նոր տարին Հայաստանում

«Buon Natale e Felice Anno nuovo», « त्योहारों की बधाई एवं वर्ष के लिए शुभकामनाएं», «E ku odun keresimesi», «Nollaig Chridheil agus Bliadhna Mhath Ùr», «聖誕快樂和新年快樂»,«Frohe Weihnachten». չէ, չէ չշտապեք փնտրել այս արտահայտությունների թարգմանությունը․ մեր հայկական «Շնորհավոր Ամանոր» և «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»-ն է, որով իրար դիմում են Իտալիայում, Հնդկաստանում, Նիգերիայում, Շոտլանդիայում, Չինաստանում, Ավստրիայում։

Zarkerak.am-ը տոներին ընդառաջ փորձել է հետաքրքրվել վերը նշված երկրներից Հայաստան տեղափոխված և բնակություն հաստատած մարդկանց տոնական տրամադրությամբ։ Զրույցի թեման էլ Ամանորի և Սուրբ ծնունդի ազգային ավանդույթներն են, դրանք Հայաստանում էլ պահպանելը և, ինչու ոչ, «համեմելը» մեր երկրի ազգային սովորույթներով։ Դե, իսկ Նոր տարվա հայկական ավանդույթները մեր զրուցակիցներին տեղ-տեղ հիացնում են, տեղ-տեղ ուրախացնում, երբեմն էլ՝ զարմացնում։

Հնդկաստանից՝ Հայաստան

Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սուրատ քաղաքից 48-ամյա Դիպալի Շահն ամուսնու հետ արդեն 7 տարի է՝ Հայաստանում է ապրում։  Հինայով աշխատելու դասեր է տալիս, նաև վաճառքի համար  հնդկական  ազգային քաղցրավենիք պատրաստում։ Նոր տարին նշելու հնդկական մոտիվներից Դիպալին որոշ ծեսեր էլ իր հետ Հայաստան է «բերել»․ «Այս տարի ևս Նոր տարին նշելու ենք Հայաստանում։ Տունը հնդկական ծեսերով կլուսավորենք և կընդունենք մեր հայ և հնդիկ ընկերներին։ Հնդկաստանում էլ իրար տուն գնալու ավանդույթը կա․ տաճար գնալուց հետո անպայման այցելում ենք հարազատներին»։

Դիպալի Շահը

«Հնդկաստանն ունի ավելի քան 28 նահանգ, մեր նահանգում Նոր տարին նշում ենք հինգ օր։ Ամեն օրն ունի հատուկ արարողակարգ։ Նոր տարուն անպայման պետք է լուսավոր լինի թե՛ տան ներսում, թե բակում՝ դրա համար էլ նաև պատշգամբներում ենք լամպեր վառում։ Տան ներսում էլ անում ենք հնդկական ավանդական ձևավորում՝ ռանգոլի՝ աղացած բրնձով նախշեր ենք պատրաստում»,-ասում է նա ։

«Տոնական յուրաքանչյուր օրվա ծեսերին համապատասխան էլ ուտելիքներ ենք պատրաստում և անում երկրպագություն։ Պատրաստում ենք հատուկ ուտեստներ՝  մաթիյա, չորաֆալի,  մագաջ, սուվալի, ղուգրա,պոհա չեվդո (նայե՛ք նկարներին ըստ հերթականության)։ Այս բոլորը պատրաստում եմ նաև Հայաստանում»,-պատմում է Դիպալին։

Նրա խոսքով՝  Հնդկաստանում Ամանորը պարտադիր դիմավորում են նոր հագուստով, կոշիկով․«Մեր նախապատրաստությունը սկսում է նոր տարուց մեկ ամիս առաջ։ Մարդիկ նաև տան համար են նոր ապրանքներ ձեռք բերում, տունն են վերանորոգում, թարմացնում»։

Դիպալին ասում է, որ Հնդկաստանում ավանդական մաղթանքերի փոխարեն կան հատուկ ծեսեր․«Մեզ մոտ ավանդույթ է, որ երիտասարդները օրհնություն են ստանում մեծահասակներից, պետք է կռանան և դիպչեն տան ավագների ոտքին, նրանք էլ օրհնությունից հետո երիտասարդներին մի քանի ռուպի են տալիս՝ որպես եկող տարվա համար լավ նշան»։

Ավստրիայից՝  Հայաստան

Վերին Ավստրիայի Ուելս քաղաքից  67-ամյա Էլիսաբեթ  Էյշրիգն արդեն չորս տարի է, որ  Հայաստանում է ապրում․  դուստրը Հայաստան է «հարս եկել»։  Այս տարեմուտը երկրորդն է, որ դիմավորելու է Հայաստանում․«Որոշել ենք խուսափել Ամանորի խառնաշփոթ գնումներից, Նոր տարվա գիշերն ուղղակի կունենանք ընտանեկան ընթրիք, հետո հուսամ, որ կհիանանք գեղեցիկ հրավառությամբ»։

Էլիսաբեթ Էյշրիգ

«Ավստրիացիներիս համար Սուրբ Ծնունդն ավելի կարևոր տոն է, քան Նոր տարին, իհարկե, Նոր տարին էլ նշում ենք։ Երիտասարդները հավաքվում  են  և գնում են որևէ բար կամ դիսկոտեկ՝ խմելու, ուրախանալու, շատերն էլ հավաքվում են  քաղաքի կենտրոնում՝ հրավառություն դիտելու, իմ պես մեծահասակներն էլ նախնտրում եմ մնալ  տանը և հեռուստացույց դիտել»,-ասում է նա։

«Մեզ մոտ տոնական եռուզեռը սկսում է դեռ նոյեմբերի վերջին, Հայաստանում էլ, կարծես՝ այդպես է։ Ավստրիացիները սիրում են իրենց գնումները շուտ անել, վերջացնել, իսկ հայերը, ինչպես նկատել եմ, շատ գնումներ  թողնում եմ վերջին պահին»,- նշում է Էլիսաբեթը։

«Մեր ավանդական կերակուրը  ձուկն է և տավարի խաշած ազդրամիսը։ Բայց օրենքներ չունենք, թե ինչ է պետք պարտադիր պատրաստել, ես կարող եմ անգամ պատրաստել պիցցա կամ սենդվիչներ, կամ այն ինչ  ընտանիքում նախընտրում են։ Մեր տոնական ուտեստները Հայաստանում էլ անպայման  պատրաստում եմ, նաև Ավստրիայից բերված համեմունքներ ավելացնում»,-պատմում է Էլիսաբեթը։

«Ես գիտեմ, որ հայերն ավանդույթ ունեն անցնող տարվա վերջին րոպեները և նոր տարվա առաջին րոպեներն ընտանիքով միասին անցկացնելու, այս գեղեցիկ սովորույթը մենք ունենք Սուրբ Ծնունդին»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում․«Ինձ համար զարմանալի է, թե ինչ լիքն են հայկական տոնական սեղանները և բոլորի սեղանի մեջտեղում անպայման կա արքայախնձոր»։

Տիկին Էլիսաբեթը երկար է մտածում, բայց դժվարանում է գտնել ամանորյա մաղթանք , որը հատուկ է միայն ավստրիացիներին․«Մեզ մոտ ուղղակի ասում են՝ շնորհավոր Նոր տարի։ Իսկ ես մաղթում եմ, որ բոլորս Նոր տարին նշենք ինչպես չինացիները՝ ոչ ավելի ոչ պակաս՝ 10-ը օր»։

Չինաստանից՝ Հայաստան

Չինաստանի Գուանչժոու քաղաքից Ֆընգ Յանգ Մինգն արդեն  երեք տարի է՝ Հայաստանում է ապրում, դասավանդում է չինարեն։ Ասում է՝ սիրել է հայկական ամանորյա ավանդույթները, մի քիչ էլ զարմացել․«Ամենահետաքրքիրն այն է,  թե ինչպես են մարդիկ այդքան կարճ ժամանակում այդքան շատ ու համեղ ուտելիքներ պատրաստում կամ իրար այդքան շատ նվերներ անում»։

Ֆընգը

«Չինաստանում այս տարի Նոր տարին նշելու են փետրվարի 10-ին, մենք նոր տարվա գալով նշում ենք գարնան գալը, հենց այդ պատճառով էլ բնական բույսեր, ծաղիկներ, կակտուսներ ենք առնում  տան համար՝ որպես մոտեցող գարնան խորհրդանիշ։ Մեր տոնական ավանդույթները շատ են։ Առաջինը պետք է անպայման գնալ ծաղիկների շուկա և տարբեր գույների, տարբեր տեսակի ծաղիկներ գնել։ Տունը զարդարում ենք հիմնականում բնական ծաղիկներով ու նաև կարմիր ծրարներով, որի մեջ դնում ենք կոնֆետ կամ  գումար ու կախում ենք մանդարինի ծառի վրա․ մանդարինի ծառը  մեր տոնածառն է։

Իմ տատիկն առնում է երեք  տեսակի բանջարեղեն՝  նեխուր, կանաչ սոխ ու հազար։ Նոր տարվա օրը այդ բանջարեղենը նվիրում են մեկը մյուսին։ Նեխուր նշանակում է աշխատասիրություն, հազար՝ ակտիվություն, կանաչ սոխ՝ խելացիություն»,- ասում է Ֆընգը։ Ի դեպ, նա Հայաստանում էլ հետևում է այս ավանդույթին։

Ֆընգի խոսքով՝ Չինաստանում տոնական օրերին ծովամթերքը պարտադիր է՝ ծովախեցգետին, ձուկ, ինքն էլ Հայաստանում ծովամթերքով ուտեստ անպայման պատրաստում է։

Այս տարի Ֆընգն Ամանորը նշելու է իր հայ ընկերների հետ՝ հունվարի 1-ին․ «Հայկական սովորույթների  մեջ շատ եմ հավանում կենացներ ասելը, մեզ մոտ բաժակներ խփում ենք, բայց կենաց ասելն այդքան էլ կարևոր չէ»։

Ֆընգը, ազգային սովորույթի համաձայն, ընկերներին անպայման մի քանի բան է մաղթելու․«Որպես առևտրային քաղաք մեզ մոտ մարդիկ իրար ավելի շատ մաղթում են հարստություն, հետո նոր երջանկություն և առողջություն։ Մեզ մոտ հարստությունը շատ են կարևորում»։

Իտալիայից՝ Հայաստան

Մաթեո Սանտինելիի ծննդավայրն էլ իտալական Նեապոլ քաղաքն է, արդեն տասը տարի է, որ Հայաստանում է ապրում,ամուսնացած է հայուհու հետ, հեռավար աշխատում է  իտալական  հանքարդյունաբերող կազմակերպությունում․«Անցնող տարիներին տոները նշել եմ կնոջս մեծ ընտանիքի հետ, գիշերն էլ անպայման գնացել ենք հանրապետության հրապարակ»։

Մաթեո Սանտինելի

«Իտալիայում Նոր տարին սովորաբար նշում ենք ընկերների հետ, իտալերեն մի ասացվածք ունենք՝ «Natale con i tuoi, Capodanno con chi vuoi», որը նշանակում է ՝ «Սուրբ Ծնունդը պարտադիր նշիր ընտանիքի հետ, Նոր տարին ում հետ ուզում ես»։ Մեզ մոտ էլ Սուրբ ծնունդը շատ ավելի կարևոր տոն է, քան Նոր տարին։ Հենց այդ պատճառով էլ մենք Սուրբ Ծնունդի համար նախապատրաստում ենք մատուցվող ուտելիքների մեծ ցանկ, իրար համար նվերներ ենք գնում, անպայման այցելում ենք եկեղեցի և անգամ  գիշերը Սանտա Կլաուսն է հյուր գալիս», — նշում է Մաթեոն։ Նկատում է, որ Իտալիայում Սուրբ Ծնունդին հանդիպող եռուզեռը կա նաև Հայաստանում։

Դե, իսկ տոնական  սիրելի ուտեստներից հատկապես մեկն է առանձնացնում․«Մենք սեղանին ոսպով ուտեստներ ենք դնում և հավատում ենք, որ այն հաջորդ տարվա համար բերում է բարեկեցություն և հարստություն»։

Մաթեոյին հատկապես տպավորել է, թե ինչպես  են Հայաստանում ընտանիքի ավագները դիմավորում Նոր տարին․«Նրանք ստանում եմ շնորհավորանքներ բոլոր բարեկամներից, անգամ՝ Հայաստանում դուրս բնակվողներից։ Հայերն Ամանորի գիշերը ուտում, խմում, պարում ուրախանում են, որովհետև նրանք հավատում են, որ ինչպես տարին սկսես, այդպես էլ կշարունակվի։ Դե, իսկ հայ կանայք ամենալավն են, նրանք ամբողջ օրը տարբեր ուտելիքներ են պատրաստում են, բայց  նաև անպայման մտածում եմ գեղեցկանալու մասին՝  դիմահարդարվում են, մազերը հարդարում․ իտալացի կանայք այդպիսին չեն»։

«Auguri di buon anno ․ շնորհավոր Նոր տարի»։

Շոտլանդիայից՝ Հայաստան

34-ամյա ռեժիսոր Հենրի Բելինգամը Շոտլանդիայի Գլազգո քաղաքից վերջին ամիսներին է Հայաստան տեղափոխվել․«Հայաստանում առաջին անգամ եմ Նոր տարի դիմավորելու, ինձ համար դեռ ամեն ինչ նոր է և անծանոթ, բայց անչափ ուրախ եմ և անհամբեր սպասում եմ Ամանորը հենց այստեղ դիմավորելուն»։

Հենրի Բելինգամ

«Շոտլանդիայում Նոր տարի  նշում ենք ընկերների և ընտանիքի հետ, շատերը դուրս են գալիս փողոց՝ դիտելու հրավառությունը։ Փողոցներում միշտ շատ մարդ է լինում և, եթե ինչ-որ մեկն ուզում է գլխավոր փողոցներից մեկում լավ տեղում կանգնել՝  հրավառություն դիտելու համար, պետք է դեռ ցերեկվա ժամը 3-ից իր տեղը «պահի»»,- նշում է նաև ավելացնում․ «Շոտլանդիայում տոնավաճառներում հնչում են բարձր տոնական երգեր և ուղղակի «կանչում են» մարդկանց՝ գնումներ անելու։ Նվերներով փոխանակվում ենք Սուրբ Ծնունդին։ Իսկ տարեմուտին մենք շատ ենք խմում, գնում ենք փաբեր, ակումբներ, հավաքվում ենք և մինչը առավոտ նշում ենք։ Հունվարի մեկը Միացյալ Թագավորությունում ժողովրդական տոն է, այնպես որ կարող ենք նշել այնքան երկար, որքան ուզում ենք»։

Հենրին պատմում է, որ շոտլանդացիները հավատում են «առաջին հյուր» ասվածին․«Մենք հավատում ենք, որ ով կեսգիշերից հետո առաջինը հյուր եկավ, ազդելու է տան մթնոլորտի վրա այդ ամբողջ տարվա ընթացքում և տուն է բերելու հաջողություն»։

«Տոների համար ունենք ավանդական ուտեստ, որը կոչվում է  «Հագիս», դա պուդինգի մի տեսակ է՝ պատրաստված գառան սրտից, լյարդից և թոքերից՝ պատրաստվում է գառան ստամոքսում»,- պատմում է նա։

Հենրին ասում է, այս տարեմուտին շոտլանդական երկու սովորույթի անպայման կհետևի՝  կխմի հաջորդ տարվա կենացը և կգրկախառնվի ընկերների հետ։

Նիգերիայից՝ Հայաստան

Նիգերիացի Ֆլորա Մինասը 1994-ից Հայաստանում է ապրում։ 1990-ականներին Նիգերիայից հնդկահայ ամուսնու և երկու երեխաների հետ Հայաստան է եկել, առաջին տարիներն ապրել է Մեղրիում, հետո՝ Երևանում։

Ֆլորա Մինաս

Տիկին Ֆլորան այս տարիների ընթացքում լավ է յուրացրել և՛ հայրերենը, և՛ հայկական ամանորյա ավանդույթները՝  պահպանելով նաև ազգայինը․«Մեզ համար էլ՝  որպես քրիստոնյաներ, ավելի կարևոր է Սուրբ Ծնունդը։ Երբ նոր էինք եկել Հայաստան, դեկտեմբերի 25-ին, հիշում եմ, միայն ես էի գնացել եկեղեցի, սկզբում ինձ համար տարօրինակ էր, որ Սուրբ Ծնունդը Հայաստանում հենց այդ օրը չեն նշում, հետո արդեն ծանոթացա ավանդույթներին»։

«Նիգերիայում դեկտեմբերի 25-ին՝ ուղիղ 12-ին բոլորն ընտանիքներով հավաքվում են եկեղեցում, երգում են, փառաբանում, աղոթում, հետո վերադառնում տուն, նստում սեղանի շուրջ։ Ցերեկը ևս պարտադիր գնում ենք եկեղեցի և փառաբանություններ կատարում։  Նոր տարվա գիշերն էլ եկեղեցի  գնալը պարտադիր է․ տարին անպայման սկսում ենք աղոթքով, որ տարին լավը լինի, թե՛ մեր համար, թե՛ երկրի»,-պատմում է նա։

«Մեզ մոտ էլ հյուրասիրությունը, հյուր գնալը տոներին պարտադիր է,  իրար տուն գնալիս պարտադիր տանում ենք մեր պատրաստած ուտեստները և  ոչ ալկոհոլային ինչ-որ բան։ Տոնական սեղանին անպայման ունենում ենք ձուկ և երեք  գույնի բրինձներ՝ սպիտակ, դեղին և կարմիր։ Հայաստանում էլ ես ոչ միայն  պատրաստում եմ այստեղ տարածված ուտեստները, օրինակ՝ խոզի բուդ ու «բլինչիկ»,  այլ նաև  բրինձ՝ որպես տոնական ուտեստ։ Ինձ համար տարբերություն չկա, Հայաստանն իմ տունն է, դրա համար էլ հեշտ եմ կարողանում համադրել ավանդույթները»,- ասում է մեր զրուցակիցը :

«Գիտե՞ք, եթե Նիգերիայում  հարազատներիդ Նոր տարին չես շնորհավորում,դա արդեն վիրավորրվելու առիթ է։ Ես Հայաստանից միշտ զանգում եմ,շնորհավորում, թե չէ կնեղանան։ Նիգերիայում իրար մաղթում ենք, որ օրհնված տարի լինի, բարգավաճություն և առատություն լինի, նույնն էլ ես Հայաստանում բոլորին եմ մաղթում», -ասում է Ֆլորա Մինասը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ