Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները

Ֆրանսիան խստորեն դատապարտել է է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները։

Այս մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոկում:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար»,-նշված է տեքստում:

Ֆրանսիան վերահաստատել է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքին և շարունակելու է հետևել իրավիճակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ին, մոտ 30 ահաբեկիչ սև հագուստով ու դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում էր գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Հարձակման ժամանակ նրանք քարեր էին շպրտել հայերի ուղղությամբ: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հոգևորականները մարտի էին բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:

Երուսաղեմի պատրիարքարանից էլ հայտնել են, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր։ Հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ