Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, ներդրումային խարդախության համաշխարհային ցանցի՝ զանգերի կենտրոնների գործով Հայաստանում ձերբակալվել է, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում ցանցի մասնաճյուղը։

Ռուսթավի 2-ը չի նշում իր աղբյուրները, իսկ նրա կալանավորման վերաբերյալ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից դեռևս մեկնաբանություններ չեն եղել։

Իսրայելում Բենիմինին հետաքննում են 11,5 մլն դոլար եկամուտը թաքցնելու համար։ Ենթադրվում է, որ նա և իր բիզնես գործընկերներն այդ գումարը ստացել են «Պաշտպանիչ վահան» ընկերության միջոցով՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական հատվածին տրամադրված խորհրդատվությունների համար։

Գործարարի անունը հայտնվել է Թբիլիսիում և այլ քաղաքներում գրասենյակներ ունեցող միջազգային ստվերային ցանցի գործունեության վերաբերյալ՝ BBC-ի լրագրողական հետաքննության մեջ: Խաբեբաների զոհերը եղել են եվրոպական երկրների բնակիչներ, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են գնել բաժնետոմսեր և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։

Դավիթ Կեզերաշվիլին հետաքննության ընթացքում ներկայացվել է որպես ցանցի կենտրոնական դեմք, թեև դրա կոնկրետ ապացույցներ չկան: Հեղինակները խոսել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի և սխեմայի անմիջական մասնակից ընկերությունների ու գործարարների հնարավոր կապերի մասին։ Մասնավորապես նշվել է, որ Կեզերաշվիլին հաճախ է գովազդում կեղծ առևտրային հարթակներն իր անձնական հաշիվներում սոցիալական ցանցերում։

Ինքը Կեզերաշվիլին հերքել է լրագրողների մեղադրանքները։ Նա խոստացել է օգտագործել «ամեն իրավական լծակ»՝ ապացուցելու իր անմեղությունը, իսկ ավելի ուշ դատի է տվել բրիտանական հեռարձակման կորպորացիային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ