Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում՝ 1 երեխայի թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։ Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։
Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով:
Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:
Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։
Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը: 9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ:
Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։ Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։