Վերջին 100 տարիների ընթացքում այս դեկտեմբերն ամենատաքն է․ Գագիկ Սուրենյանն անդրադարձել է 2023-ին գրանցված կլիմայական անոմալիաներին

«2023-ին ունեցել ենք շատ տաք հունվար, օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով, և տեղումները եղել են նորմայից խիստ պակաս․ կազմել եմ ամսական նորմայի ընդամենը 18-30 տոկոսը։ Ունեցել ենք շատ տաք մարտ, օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, տեղումների քանակը եղել է նորմայից ավելի՝ կազմել է կլիմայական նորմայի 120-170 տոկոսը»,- հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով 2023-ին գրանցված կլիմայական անոմալիաներին։

«Անոմալիաներով աչքի է ընկել հունիս ամիսը, ճիշտ է, օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայի սահմաններում, բայց ունեցել ենք շատ առատ տեղումներ, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 120-170 տոկոսը, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում 200-300 տոկոսը առանձին հատվածներում մինչև 400 տոկոսը։ Այս տարվա հունիսին ունեցել ենք կարկտահարությունների շատ մեծ դեպքեր, տեղատարափ տեղումներ, որոնք առանձին հատվածներում ուղեկցվել են սելավներով։ Անոմալիայով աչքի է ընկել նոյեմբերը, որը եղել է շատ տաք, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով»,- նշեց Սուրենյանը։

«Այս տարվա դեկտեմբերը ինչպես և կանխատեսվել էր, եղավ անոմալ տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը այս պահի դրությամբ կլիմայական նորմայից բարձր է 5-6 աստիճանով և ունեցանք նաև կլիմայական ռեկորդներ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17․5 աստիճանի, որը մոտ 3 աստիճանով գերազանցեց դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում դիտված երբևիցե առավելագույն ջերմաստիճանները։ Վերջին 100 տարիների ընթացքում այս դեկտեմբերն ամենատաքն է․ պատմական տաք ամիս ենք ունեցել»,- նշեց Սուրենյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ