Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես Բելառուս, քանի դեռ չեն դրվել սահմաններ, կլինեն սպառնալիքներ, հարվածներ. Խալաթյան

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան և մասնակցությանը ԵԱՏՄ-ի և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը դժվար է գնահատական տալ, քանի որ իրավիճակը բավականին բարդ է և հակասական:

Պարզաբանելով Խալաթյանն ասում է. «Եթե մենք խոսում ենք այն մասին, որ ՀԱՊԿ անդամ պետությունները չեն ճանաչում Հայաստանի սահմանները, հետևաբար անորոշ է, նրանց պատասխանատվության գոտին պետք է նշել, որ պետական սահմանն ունի մի շարք իմաստներ և ընկալումներ, որոնցից մեկը մաքսային սահմանն է, որը համընկնում է պետական սահմանի հետ: Պարզապես մաքսային վարչարարության մեջ օգտագործվում է մաքսային սահման ձևակերպումը: Եթե մենք ընդունում ենք, որ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները, բացի Տաջիկստանից, ԵԱՏՄ անդամ են, մենք հասկանում ենք, որ այստեղ կա լրջագույն քաղաքական պրոբլեմ, որովհետև, եթե այդ պետությունները չեն ճանաչում Հայաստանի պետական սահմանը, խնդրահարույց է նաև նրանց հետ առհասարակ մաքսային միության մեջ գտնվելն առանց այդ խնդրի լուծման»:

Իրավագետը ԵԱՏՄ-ում գտնվելը առավելապես, այսպես ասած, ստիպված քայլ է համարում, քանի որ, ըստ նրա, ինչպես վարչապետը դեռևս պատգամավոր եղած ժամանակ է ասել, ավելի հեշտ էր ԵԱՏՄ-ին չանդամակցելը, քան ԵԱՏՄ-ից դուրս գալը:

«Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ում մնալը հարկադրված քայլ է և առկա ծանր աշխարհաքաղաքական իրողությունների արդյունք: Այդ իմաստով Եվրասիական տնտեսական միությունում մեր գտնվելը առայժմ համարում եմ այլընտրանք այն առումով, որ պետք է նախապատրաստել երկրի տնտեսությունը ԵԱՏՄ-ից երբևէ դուրս գալուն, իսկ դա լրջագույն ջանքեր է պահանջում, այդ թվում՝ Եվրամիության հետ հետագա ինստիտուցիոնալ մերձեցման, տնտեսությունը եվրոպական ստանդարտների բերելու տեսանկյունից»:

Ըստ զրուցակցի՝ շատ լուրջ մասնագիտական կարողություններ են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը կարողանա այս իրավիճակում ապահովել իր տնտեսության զարգացումը:

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն տեխնոլոգիապես թերզարգացած պետություններ է ներառում, որոնց մի մասը, մասնավորապես՝ Բելառուսը և Ղրղզստանը, անգամ չունեն այդ պոտենցյալը ռեֆորմացիայի, իսկ ՌԴ-ն ու Ղազախստանը այդ առումով փորձում են ինչ-որ քայլեր անել ներքին ռեսուրսների հաշվին, ինչպես նաև՝ որոշակի Չինաստանի աջակցությամբ: Այսինքն՝ մի խայտաբղետ պետությունների խումբ է, որտեղ Հայաստանը, ըստ էության, մշտական դաշնակից կամ աջակից չունի տնտեսության արդիականացման ուղղությամբ, և մեր հույսը այս առումով Արևմուտքն է»:

Այնուամենայնիվ, Խալաթյանը գերադասել է, որ վարչապետը սահմանափակվեր միայն ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելով. «Քանի որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը պարզապես ինչ-որ առումով փրկեց ՌԴ-ի դեմքը, որը վերջին շրջանում ընդհանրապես անմասն էր մնացել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից: Թեկուզ ՌԴ-ն ընդունեց, որ հայ-ադրբեջանական բանակցություններն էլ որպես ֆորմալ գործընթաց տեղի չեն ունեցել, բայց, այդուհանդերձ, տեղի է ունեցել որոշակի մտքերի փոխանակում ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդների միջև: Սա ավելի շուտ ոչ թե ՀՀ-ի համար էր ինչ-որ քայլ առաջ կամ ձեռքբերում, այլ փաստացի այս պրոցեսից շահող դուրս եկավ միայն ՌԴ-ն»:

Իրավագետն ասում է՝ առհասարակ Հայաստանը պետք է կարողանա հստակ և աներկբա ներկայացնել իր արտաքին քաղաքական ուղենիշերը. «Մենք տեսանք, թե ինչպես երկու աթոռի վրա նստելու՝ և՛ այս բևեռ, և՛ այն բևեռ թռչելու քաղաքականությունն աղետաբեր հետևանքներ ունեցավ ՀՀ-ի համար Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, ինչպես տապալվեց հայ-թուրքական գործընթացը, ասոցացման պրոցեսը, որի հետևանքով երկու-երեք տարի Հայաստանը տոտալ արևմտյան մեկուսացման մեջ էր, և ինչ-որ հրաշքով հնարավոր եղավ գոնե «Սեպա»-ի պայմանագիր կնքել Արևմուտքի հետ, որն այսօր մեր հարաբերությունների ինստիտուցիոնալ հենքն է»:

Իրավագետի պնդմամբ՝ պետք է զատել տնտեսական ասպեկտը, որ վերոնշյալ փաստարկներով Արևմուտքին ներկայացվի՝ առայժմ սա է այլընտրանք:

«Միաժամանակ պետք է զատել տնտեսական ասպեկտը աշխարհաքաղաքական, ռազմական ասպեկտներից, որտեղ մենք պետք է հստակ պասիվություն դրսևորենք ռուսակենտրոն բոլոր հարթակների նկատմամբ: Այդ առումով, իհարկե, կարող են Արևմուտքի մոտ հարցեր առաջանալ, օրինակ՝ ասեն՝ լավ, եթե ԵԱՏՄ-ի դեպքում առայժմ կան սկզբունքային հարցեր, որոնք թույլ չեն տալիս լքել այդ կառույցը, իսկ ո՞րն է պատճառը, որ մասնակցում եք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովին, այն դեպքում, երբ մենք ԱՊՀ պաշտոնական գագաթաժողովը և մնացած միջոցառումները բաց էինք թողել: Այստեղ մենք չհասկացվածության լրջագույն վտանգի առաջ կարող ենք կանգնել. Արևմուտքը պարզապես կարող է կորցնել վստահությունը Հայաստանի հանդեպ»,- մտահոգություն է հայտնում զրուցակիցը:

Խոսելով Ռուսաստանից շարունակաբար հնչող, այսպես ասած, սպառնալիքների և մեղադրանքների մասին՝ իրավագետն ընդգծում է՝ ՌԴ-ը, օգտվելով Հայաստանի՝ որոշ առումով երկչոտ քայլերից և տեսնելով, որ իր որոշակի ճնշումները, օրինակ՝ Լարսը որոշ ժամանակով փակելը, կարծես Հայաստանում «արձագանք են գտնում», շարունակում է այդ ճնշումն ուժեղացնել. «ՌԴ-ի համար ՀՀ-ն փաստացի դիտարկվում է Բելառուսի նման պետություն, որը չպետք է ունենա որևէ արտաքին քաղաքական այլընտրանք, և, հետևաբար, այնքան ժամանակ՝ մինչև մենք չենք կատարել ռեալ արտաքին քաղաքականության որոշակիացում և ՌԴ-ի հետ հարաբերություններում չենք դրել սահմաններ»:

Խալաթյանը շարունակում է պնդել՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է հասցվեն նվազագույնի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ոլորտում:

«Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ պետք է անաղմուկ, առանց ռուսական կողմին գրգռելու և առանց ավելորդ գովազդային քարոզչական արշավների իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացիա, և այն դեպքերում, երբ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը որոշակի խնդիրներ կառաջացնի օտարերկրյա ներդրումների համար, պետք է պետական մակարդակով այդ ներդրումներին ցուցաբերվի աջակցություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել օտարերկրյա կապիտալի՝ անխոչընդոտ մուտքը Հայաստան, որպեսզի հնարավոր լինի որպես ռազմավարական նպատակ դնել ԵԱՏՄ-ից դուրս գալը»,- կարծիք է հայտնում նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ