Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանման ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կապան քաղաքի 44-ամյա բնակիչն իր կողմից շահագործվող «Մերսեդեսով» տեղափոխում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Տեղեկություններն իրացվել են ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների հետ համատեղ:
Երասխ-Երևան ճանապարհին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին է տեղափոխվել 44-ամյա կապանցին: Դեռևս ճանապարհին նա հայտնել է, որ «Մերսեդեսի» մեջ ունի թմրամիջոցներ:
Արտաշատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշված ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 100 գրամ մեթամֆետամին և 94 գրամից քիչ ավելի ափիոն:
Տղամարդը կալանավորվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: