Երուսաղեմի հայկական թաղամասը ենթարկվել է հարձակման , կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:40-ին մոտ 30 ահաբեկիչ սև հագուստով ու դիմակներով՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:

Այս մասին հայտնում է israelahayer.com-ը:

Հարձակման ժամանակ նրանք քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականները մարտի են բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը:

Հարձակումը կասեցվել է: 2 հայ տարվել է ոստիկանություն:

Երուսաղեմի պատրիարքարանից էլ հայտնել են, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր:

«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» հարցով հայց ներկայացնելու համար, որը դատարանը պաշտոնապես ստացել է 24 ժամ առաջ։

Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար: Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը բռնի կործանումից, որը տեղական աջակցություն է ստանում անանուն կազմակերպությունների կողմից:

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը՝ հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա իրենց շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար, հարձակումներ, որոնք կարծես թե վերջ չունեն:

Իսրայելը օրենքի և կարգի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել և մնալ անպատիժ»,- ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ