Պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել. վարչապետ

Այսօրվա՝ տարեվերջյան նիստում Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին նախագծին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց՝ ծրագրի ներդրումը ենթադրում է, որ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափում կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձը և գիտելիքները կներդնի ՀՀ-ում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի գործընթացում:

«Այժմ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման կապակցությամբ առկա են ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ, մասնավորապես՝ կենդանի հերթերի պարագայում ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ է լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս, ուստի հարցի հիմնարար և որակյալ լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը: Ոլորտը տարիներ շարունակ չի արդիականացվել, գործառույթներն իրականացվել են թղթային դիմումներով, ինչի հետևանքով տասնյակ տարիների ընթացքում կուտակվել են մեծամասշտաբ արխիվներ, ինչը նաև տվյալների անվտանգության տեսանկյունից ռիսկային է»,- ասաց Ղազարյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն:

«Մեր խնդիրը հետևյալն է, որ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին, մենք հնարավորություն ունենանք այդ նույն գործողության թվային տարբերակն անել նաև թվային տարածքում, և սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտը ունեն առանցքային նշանակություն: Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և հաջորդ քայլով մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նույն կերպ պետք է էլեկտրոնային ստորագրությունն անել։

Նա կարևորեց նաև հեռախոսով ամենատարբեր գործարքներ ազատ իրականացնելու հնարավորությունը. «Հաջորդ քայլը պետք է լինի շարժական ID ընդունումն ու թողարկումը, ինչը նշանակում է, որ մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այն պիտի պահի տանը, որ չկորի, և մնացած բոլոր դեպքերում պետք է հնարավորություն տանք, որ թվային, բջջային հավելվածի միջոցով կարողանա օգտագործել նույնականացման տվյալը»:

Վարչապետը ընդգծեց՝ կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է օգտագործել այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ