Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, կուսումնասիրենք, պատշաճ կարգով կարձագանքենք. ԱԳ նախարար

Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք՝ ներկայացնելով մեր առաջարկները:

Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ միրզոյանը։

«Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնց վերջնանպատակը կլինի հարաբերությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը։ Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք մեր նվիրվածությունը խաղաղության գործընթացին և ընդհանրապես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի հետ ունեցել ենք մի քանի ուղղություններով և մի քանի փուլերով բանակցություններ, աշխատում ենք խաղաղության պայմանագրի կոնկրետ նախագծի վրա»,- ասաց Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի, շատերը պնդում են, որ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա, պատուհան կա՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։

«Ես անշուշտ պետք է համաձայնեմ այդ պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին ու դբարդություններին, որ ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը՝ մենք իսկապես տեսնում ենք այդ հնարավորությունը։ Մենք որպես Կառավարություն ամեն ինչ անում ենք, որպեսզի այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, սակայն որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ ստորագրել խաղաղության պայմանագիր: Ուստի հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ՝ նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման կարիքն ունենք:

Մենք տեսնում ենք և դրական ազդակներ, ինչպես օրինակ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, իսկ Հայաստանն էլ իր հերթին սատարեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին։

Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ՝ նկատի ունենալով Ադրբեջանից պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերն ու կոչերը, ինչպես նաև բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը, քանի որ առաջարկներ կան, սակայն հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Հույս ունենք, որ կառուցողականությունն այնուամենայնիվ կհաղթի և կունենանք երկարատև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասաց Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ