Ովքեր են Գյումրու նոր փոխքաղաքապետերը. «Բալասանյան դաշինք»-ը կողմնորոշվել է

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածած հայտարարությամբ միակողմանի խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

Սրան հետևել է Գյումրու համայնքապետարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաշտոնյաների՝ սեփական դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու գործընթացը:

Աշխատանքից ազատվել է երկու փոխքաղաքապետ՝ Արթուր Պապիկյանն ու Վահագն Մկրտչյանը: Ընդհանուր թվով, Գյումրու քաղաքապետարանում միանգամից թափուր էր մնացել 36 հաստիք:

«Բալասանյան դաշինք»-ն արդեն ունի փոխքաղաքապետների պաշտոնների իր թեկնածուները: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ կնշանակվի խմբակցության անդամ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում ներկայացված է Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը:

Նշենք, որ Լուսինե Սանոյանը Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի զարմուհին: Այս պահին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի փոխտնօրենն է:

Լուսինե Սանոյանը կփոխարինի Արթուր Պապիկյանին:

Սուրեն Ջանոյանը քաղաքապետարանում է 2017-ից: Նախ զբաղեցրել է կառույցի աշխատակազմի բյուջեի և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնը: 2022թ. սկսած մինչև օրս Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Սուրեն Ջանոյանը կփոխարինի Վահագն Մկրտչյանին:

Երկու թեկնածություններն էլ կքննարկվեն Գյումրու ավագանու առաջիկա նիստի ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ