Մոսկվան մտահոգություններ ունի՞ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հետ կապված. պարզաբանում է Զախարովան

Ռուսաստանի փոխգործակցությունը հայկական կողմի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում կառուցված է փոխշահավետ հիմքի վրա:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պարզաբանելով, թե արդյոք Մոսկվան մտահոգություններ ունի՞ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հետ կապված՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար առաջացող լարվածությունը։

«Տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր, մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում միությանը մասնակցությունից՝ չնայած հանրապետության ներկայացուցիչների կողմից ձեր նշած որոշ վիճահարույց հայտարարություններին։ Հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մնացած երկրների հետ մենք կառուցում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն»,- ասել է նա:

Վերջինս հիշեցրել է, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից կանցնի Հայաստանին։

«Այդ երկրի վարչապետը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ի շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման վրա: Մենք սատարում ենք այս մոտեցմանը»,- հավելել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ