Վարչապետին սուրճ հյուրասիրեցին Արարատի մարզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ, լրագրողներ, ներկաներ,

Իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այսօր ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության և գաղափարի մասին, որ պետք է գործնականում դրվի տնտեսական հեղափոխության հիմքում:

Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում: Ո՞րն է քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսի՞ն էր իրավիճակն այդ հեղափոխությունից առաջ և հետո: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայասատանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայասատանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել, կամ եթե կարող է անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Իսկ այդ համակարգում ո՞վքեր էին արել ինչ-որ բան. դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա` կիսաաստվածներ, ովքեր կարող էին որոշել ճակատագրեր, ովքեր սահմանափակված չէին ոչնչով, նրանք, այո, կիսաաստվածային կարգավիճակ ունեին Հայաստանի Հանրապետությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ