Երևանի բնակիչը Արարատի մարզում իր մեքենայով բախվել է մի քանի ավտոմեքենաների, դիմել փախուստի

Դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում․ ժամը 21։00-ի սահմաններում Մխչյան գյուղի Կենտրոնական փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան բախվել է Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովսեփյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային, ապա հարվածել մայթեզրին կայանված` Արարատի մարզի բնակիչներ 36-ամյա Գևորգ Գևորգյանի Opel Vectra մակնիշի, 31-ամյա Հակոբ Թարվերդյանի կողմից կայանված BMW մակնիշի և 27-ամյա Սարգիս Մովսիսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գ․ Հովսեփյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ սկզբնաղբյուրի՝ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաներին բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Խաչատրյանը՝ իր կողմից վարած Ford Ranger մակնիշի 200 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենայով։

Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են նաև նրան, ով խոստովանել է կատարված արարքը, ինչից հետո նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Շամշյանի տեղեկություններով՝ Ford Ranger-ը հաշվառված է Երևանում գրանցված «ՊԵՆԵՏԵՔՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ