Մարությանը 2 տարի անց հասկացել է, որ ավագանին քաղաքապետի վերադասն է ու եկել էր ոչ թե ժողովրդի մանդատն իրացնելու, այլ հին հաշիվները մաքրելու և Արցախի թեման հուզական ֆոնով շահարկողների շարքերը լրացնելու համար

Երևանի ավագանու ձևավորումից շուրջ երկու ամիս անց, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորած Հայկ Մարությանը վերջապես, լրագրողների բազմաթիվ «բա ու՞ր է Հայկ Մարությանը, ինչո՞ւ չի ներկայանում նիստերին․․․» հարցադրումներից հետո, այսօր ներկայացավ ավագանու նիստին․ ավելի ճիշտ՝ օրվա վերջում, երբ արդեն քաղաքապետարանի շենքում լրագրողներ չկային, նիստն էլ ընդմիջումներով շարունակվում էր շուրջ 10 ժամ։

«Ազգային առաջընթաց» խմբակցությունից քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրեցին Մարությանին իր ելույթի համար տրամադրել 10 րոպե ժամանակ՝ նախկին կանոնակարգով, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց, որ նախկին կանոնակարգը գործում էր ավագանու նախորդ գումարման ժամանակ, հիմա կա նոր կանոնակարգ։

Հայկ Մարությանը նախ հիշեցրեց, որ վերջին անգամ այդ դահլիճում ելույթ է ունեցել 2 տարի առաջ, երբ «ՔՊ-ականները այս դահլիճում, իրենց սիրած բառերով, աննախադեպ բան արեցին՝ իմպիչմենտի ենթարկեցին ընտրված քաղաքապետին ՝ առանց որևէ հիմնավոր մեղադրանքի»։

Էականը, սակայն, ըստ Մարությանի այն է, թե ինչ փոխվեց դրանից։ Նախկին քաղաքապետը պնդում է, որ դրանից հետո քաղաքային կառավարումը մտել է չհիմնավորված ճգնաժամի մեջ։ Թե ինչ ճգնաժամի մասին է խոսում Մարությանը՝ անհայտ է։ Եթե նկատի ունի, որ գործադիրը ստիպված է լսել բոլոր կողմերին, հաշվի առնել ընդդիմության կարծիքը, քաղաքը կառավարել կոալիցիայով և չունի Մարությանի նման տոտալ՝ 80 տոկոսանոց մեծամասնություն, որն ապահովվել էր հետհեղափոխական զարգացումներով ու Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ, ապա պետք է նկատել, որ դեմոկրատիայից, հեղափոխության արժեքներից խոսող Մարությանը չի հասկանում՝ ինչ ասել է դեմոկրատիա, ինչ ասել է ժողովրդի քվե, մանդատ։ Վերջինը, որ հաստատ։ Եթե հասկանար, ապա կփորձեր իրացնել ժողովրդի տված մանդատը ու կմասնակցեր ավագանու նիստերին, ավագանու աշխատանքներին, ոչ թե երկու ամիս անց նոր միայն կբարեհաճեր օրվա վերջում ժամանել ու ամբիոնն օգտագործել հին հաշիվները մաքրելու համար։

Ինչևէ, Մարությանի տրամաբանությամբ, օրինակ, Գերմանիայում տարիներ շարունակ կառավարման ճգնաժամ է․ այնտեղ երկիրը տարիներով կառավարվում է կոալիցիայով ու որևէ ուժ չունի մեծամասնություն։ Ինչպես ասում են՝ Մերկելն ու Շոլցը Մարությանի ելույթից հետո մի անկյունում լուռ ծխում են։
Հետո Հայկ Մարությանը նշում է, որ մի շարք պրոեկտներ առկախվել են իր իմպիչմենտից հետո ու օրինակ է բերում տրանսպորտի միասնական համակարգի ներդրումը, որը միայն հիմա է վերջապես ի մի բերվում, չնայած, որ այն, ըստ Մարությանի, գրեթե պատրաստ էր 2021 թվականի դեկտեմբերին։

Հավանաբար, բոլորս ենք հիշում Մարությանի կառավարման ընթացքի «գրեթե»-ները։ Քաղաքապետարանի լրատվականը երկու շաբաթը մեկ պարբերականությամբ տեղեկացնում էր, որ ավտոբուսները այսինչ օրը կժամանեն Երևան, հետո տեղեկացնում էր, որ դուրս եկան Չինաստանից, հետո՝ որ հասան Փոթի նավահանգիստ, հետո՝ հասան Երևան, հետո մաքսազերծում, անվադողեր, գրանցում, պետհամարանիշեր և այլն։ Ու այսպես ամեն 100 հատ ավտոբուսի թեմայով տասնյակ հրապարակումներ։ Այնպես որ արդեն պարզ է, թե 2021-ի դեկտեմբերի «գրեթե» պատրաստը ինչքան պատրաստ է եղել։
Մարությանը խոսեց նաև իրենից հետո տեղի ունեցած ճոխ և իր կարծիքով չհիմնավորված ծախսերից, և անցավ Արցախը շահարկելու արդեն ծեծված թեմային, պաթոսին ասելով․ «ո՞ր մի հաղթանակն եք տոնում, ի՞նչ ուղերձ ենք փոխանցում երեխաներին՝ որ երբ եղբորդ տունը ձեռքից խլում են ու իրեն տնից դուրս են հանում դու պետք է ձևացնես, թե չե՞ս նկատել ու շարունակում ես քե՞ֆ անել։ Դա՞ ենք սովորացնում»։

Արցախը շահարկող, տոնածառը քննադատող մեկն էլ ավելացավ, և սա այն ֆոնին, որ Մարությանը միաժամանակ հիշեցնում է, թե ինչպես էին իրեն մեղադրում, որ 2019-ին 74 մլն դրամանոց տոնածառ է գնել։ Հավանաբար այս գործելաոճը իրեն քննադատողներից է սերտել Հայկ Մարությանը։ Ուղղակի չի հասկացել, որ «չաշխատող» տարբերակ է։

Ապա նախկին քաղաքապետը քննադատեց պոլիկլինիկաների՝ բուժսարքավորումներով հագեցված չլինելը, խորհուրդ տվեց գումարներն այդտեղ ուղղել և 5 րոպեի փոխարեն 8 և ավելի րոպե խոսելուց հետո չէր ցանկանում ավարտել խոսքը, որից հետո Տիգրան Ավինյանը ստիպված եղավ անջատել Մարությանի խոսափողը՝ նշելով, որ սա մոնոներկայացում չէ, և եթե ասելիք կա, ապա կարելի է բոլոր նիստերին գալ ու օգտագործել սահմանված 5-ական րոպեները, ոչ թե արտոնյալ կարգավիճակ պահանջել, ժամանել ըստ ցանկության ու խոսել որքան կամենաս։

Ելույթը Մարությանը շարունակեց լրագրողների մոտ՝ ճեպազրույցի տեսքով։ Ապա՝ պատասխանեց լրագրողների հարցերին ու վերջապես նշեց, թե ինչու չի ներկայանում նիստերին, և օ ՜ հրաշք․ պարզվում է ավագանու գործառույթը միայն նիստերին մասնակցելը չէ, ու նա մասնակցում է ավագանու բոլոր աշխատանքներին ու ֆիզիկապես չի հասցնում գալ ավագանու նիստերին։

Մարությանը նաև նկատեց, որ քաղաքապետը ավագանու ղեկավարը չէ, և իր՝ նիստերին չգալը կապված չէ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ լինելով ու իր նկատմամբ վերդասություն ունենալով։ Նշում է, որ ավագանին ու ավագանու անդամները քաղաքապետի ղեկավարն են։

Ողջունելի է, որ 2 տարի անց Հայկ Մարությանը հասկացել է, որ ավագանին քաղաքապետի ղեկավարն է ու կարող է «աշխատանքից ազատել» քաղաքապետին։ Այն էլ այն ժամանակ, երբ այդ ենթակա քաղաքապետը իրեն դուրս է դնում թիմից, չի ընդունում ավագանու վերադասությունը։

Մարությանը նաև նշեց, որ եթե քաղաքապետ դառնար՝ ժամանակ կգտներ աշխատանքի գալու համար։ Ավագանու մանդատը, փաստորեն, ըստ Մարությանի, այնքան կարևոր չէ, որ ժամանակ գտնի ու ներկայանա, իսկ ներկայացողները, հավանաբար, պարապ են, որ գալիս են իրենց մանդատն իրացնելու։
Նախկին քաղաքապետը, ապա, նշեց, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան ու ինքը դառնա քաղաքապետ՝ կառավարությունը չի կարողանա գումարներ չհատկացնել քաղաքին, քանի որ նա այդ մասին կբարձրաձայնի, իսկ նախկինում չի բարձրաձայնել, քանի որ նույն թիմից են եղել, սակայն նա ամեն անգամ զարմացել է, թե ինչու գումարներ չեն հատկացվել ու նաև դա է եղել պատճառը, որ խզել է կապերը արդեն նախկին թիմի հետ։

Հիշեցման կարգով ասենք, որ Մարությանն անգամ համայնքային բյուջեն չի կարողացել ամբողջապես իրացնել, կառավարությունից ինչի՞ համար է գումար խնդրել, որ չի ստացել։ Ահա այս է պատճառը, որ Մարությանը սիրում է մենախոսել, ոչ թե բանավիճել։ Մենախոսելիս նրան հակադարձողներ չեն լինի։

Վովա Հակոբյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ