Ազգային ավիափոխադրող FlyOne Armenia-ն մարտահրավերները հաղթահարում է միջազգային մենեջմենթի ներդրմամբ

Այս տարին FlyOne Armenia-ի համար դիրքերի ամրապնդման և արդյունավետ գործունեության տարի էր։ Յուրաքանչյուր ընկերության համար մեկնարկային տարին, ինչու ոչ՝ անգամ հաջորդող մի քանի տարին ևս՝ ոլորտում դիրքավորվելու, տեսական ընթացքը գործնական հմտություններով փոխարինելու ժամանակային միջակայք են, ու միաժամանակ՝ նաև գոյության հեռանկարի քննություն։

Առաջին թռիչքից ընդամենը երկու տարի անց FlyOne Armenia-ն լիարժեքորեն անցել է այդ քննությունը, և վստահ իրացնում է ազգային ավիափոխադրողի գործառույթը՝ ապահովել հասանելի ճամփորդություններ Հայաստանից և դեպի Հայաստան։ Անգամ ձմեռային թռիչքային շրջանում ավիաընկերությանը հաջողվել է պահպանել թռիչքային աշխարհագրության առյուծի բաժինն ու ծրագրել ամառային նորացված ու հետաքրքիր ուղղություններով հագեցած չվացուցակ։

Չնայած 2023թ․ ամառային շրջանում առաջացած օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներին՝ ավիաընկերությանը հաջողվեց պահպանել առաջատար դիրքերն ու բարելավել ավիացիոն գործունեությանը վերաբերող ցուցանիշներն ու հանրային ընկալումը։ Այս ամենի մասին փաստում է նաև հանրային կարծիքն ու գնահատականը, որն անվիճելիորեն դրական դինամիկայով ամբողջապես այլ պատկեր է ստացել։

Իհարկե՝ ընկերության վարկանիշի բարձրացման կարևորագույն գործոն հանդիսացավ միջազգային մենեջմենթի գործնական սկզբունքների ներդնումը, ավիաընկերության կառավարման հիմնական օղակներում միջազգային ստանդարտներին հանապատասխանող կառավարչական ու մենեջերական կարողություններ ունեցող անձանց ներգրավորւմը, ինչի շնորհիվ ավիաընկերությունն ամրապնդեց տարաբնույթ ազդեցության հանգամանքների կառավարման փորձառությունն ու գործիքակազմը։

Եթե ամառային շրջանում, նաև օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, ավիաընկերության վերաբերյալ հիմնականում ուշացումների ու չեղարկումների մասին տեղեկություններ, հաճախ նաև՝ անձնավորված շահարկումներ էին, ապա այսօր, արդեն բոլոր ցուցանիշների՝ չվերթների չեղարկումների, ուշացումների, փոխհատուցումների և առհասարակ՝ հաղորդակցության և աջակցության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընկերությունը ոչ միայն հաջողում է խնդրահարույց իրավիճակների կառավարման հարցում, այլ նաև ճիշտ կոմունիկացիայի, արդյունավետ հաղորդակցության շնորհիվ կառուցել է բարձր վարկանիշ՝ հետևողականորեն պահպանելով դինամիկ զարգացման տեմպն ու սահմանելով նոր նշաձողեր։ 2024թ․ ընդառաջ FLYONE ARMENIA ավիաընկերությունը սահմանում է իրատեսական, սակայն նաև հավակնոտ նշաձողեր, որոնց համար հիմք են ծառայելու ոչ միայն կուտակած փորձն ու գիտելիքների պաշարը, բացթողումները շտկելու կարողությունները, այլև աշխատանքի նորացված մոդելներով աշխատող մենեջմենթի կարողություններն ու մասնագիտական գործիքակազմը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ