Սևադա Խոջաբաղյանը իր գերդաստանի միակ շնորհաշատ ներկայացուցիչը չէ․ Գոռ Ծառուկյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրին։

Վերջինս ներկայացրել է, որ Սևադա Խոջաբաղյանը, ով դեկտեմբերի 24-ին արժանացել է «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին, պարզվում է, Խոջաբաղյան գերդաստանի միակ շնորհաշատ ներկայացուցիչը չէ, ով նման մրցանակ է ստացել։

«2020թ-ին որպես մեր հաղորդաշարի հերոս նկարահանվել էր նաև նրա եղբոր որդին՝ եռաչափ տպիչներ արտադրող կազմակերպության հիմնադիր Արտուր Խոջաբաղյանը։ Նա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էր 12 մրցանակներից մեկին։ Ընդ որում, ընդգծեմ, որ նրանց գործունեության մասին տեղեկացել ենք տարբեր աղբյուրներից, իսկ նրանց ընտրությունը որպես հաղորդաշարի հերոս, կատարվել էր բացարձակ տարբեր մարդկանց կողմից։

Այսօրվա մեր զարմանքը եռապատկվեց, երբ պարզեցինք, որ Սիրարփի Խոջաբաղյանը, ով ամուսնու՝ Հայկ Երանոսյանի հետ այս տարվա 12 մրցանակակիրներից էր, կրկին մեր մյուս հերոսների գերդաստանից է։ Եվ կրկին նրանց գործունեության մասին տեղեկացել էինք ամբողջովին այլ աղբյուրից»,- գրել է նա։

Ծառուկյանը կոչ է արել այսպիսի տաղանդավոր մարդկանց մասին իմանալու դեպքում գրել և նամակով տեղեկացնել հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին, քանի որ շուտով մեկնարկելու է 2024թ-ի մրցանակաբաշխության նկարահանումները և այդ նպատակով նոր հերոսների որոնումը։

Նշենք՝ համացանցում քննադատության է արժանացել «Մեր ժամանակների հերոսը»մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի ելույթն ու հագուկապը։ Այդ քննադատություններին երեկ արձագանքել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ