ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ․ ՀՀ վարչապետ

Եվրասիական միությունը դեռևս չի լուծել էներգետիկ ռեսուրսների միասնական շուկայի ստեղծման և բեռների թվային հսկողության խնդիրները։

Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմը ողջունում է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը, որը կօժանդակի Իրանի հետ տնտեսական և լոգիստիկ կապերի զարգացմանը և կստեղծի ամուր պայմանագրային հիմք համատեղ ծրագրերի համար:

Փաշինյանի խոսքով` միասնական էներգետիկ շուկայի վերաբերյալ որոշումների բացակայությունը սկզբունքային բնույթի մի քանի խնդիրներից է, որոնք կուտակվել են ԵԱՏՄ-ում։ Այս համատեքստում, ՀՀ վարչապետը հավելել է՝ Հայաստանը պատրաստ է ճկուն մոտեցում ցուցաբերել՝ ապահովելու ԵԱՏՄ երկրների շահերի հավասարակշռությունը չլուծված հարցերի շուրջ՝ լավագույնս օգտագործելու միության ընդհանուր էներգետիկ շուկաների ներուժը․ «ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ։ Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չպետք է սահմանափակվեն քաղաքական դրդապատճառներով»։

Միաժամանակ նա նշել է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Ըստ նրա` մեկ այլ կարևոր խնդիր է թվային տեխնոլոգիաների ներդրումը բիզնես գործընթացներում՝ եվրասիական հնգյակի երկրների IT համայնքների ներգրավմամբ: Դա հատկապես արդիական է արհեստական ինտելեկտի գործնական կիրառման լույսի ներքո, որը նոր հնարավորություններ է բացում տնտեսական ակտիվության տվյալների առավել օպերատիվ հավաքման և արդյունավետ վերլուծության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ