Էդուարդ Շարմազանովը՝ Կրեմլի արտահաստիքային փաստաբան. Նա «ՀՀ կառավարիչներին» է մեղադրում նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման համար՝ գեթ մեկ թթու խոսք չասելով Արցախը սաբոտաժի միջոցով հանձնած ՌԴ-ի մասին

Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշել էր «հոգեդարձ անել» նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու իրեն հատուկ, արդեն սովորական դարձած ցինիզմով ազդարարել՝ հիշյալ փաստաթղթի պայմանավորվածությունների կատարումը դանդաղեցնելու, ամբողջությամբ կյանքի չկոչելու հարցում հիմնական մեղավորը Հայաստանն է՝ միաժամանակ կոչ անելով վերադառնալ այդ պայմանավորվածությունների կատարմանը: Զախարովան, սակայն, անտեսել էր Ադրբեջանի կողմից նույն հայտարարությամբ ստանձնած պայմանավորվածությունների կոպտագույն խախտումները (այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակում, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ, ԼՂՀ տարածքների օկուպացիա, սեպտեմբերի 19-ի ագրեսիա) և ոչ մի բառ չէր արտաբերել ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի անգործության մասին, ինչի հետևանքով ԼՂ-ն մի քանի օրում ամբողջությամբ հայաթափվեց։

ՌԴ ԱԳՆ խոսնակի այս հայտարարությանը երեկ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհուրդ տալով տիկին Զախարովային վերցնել հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ։ «Թող մինչև 8-րդ կետը կարդան, տեսնեն՝ ով ինչ պարտավորություն չի կատարել։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրած է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ-ի վրա հարձակվի, այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում լինե՞ն։ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ գործուղվել է ՌԴ Դաշնային ժողովի կայացրած որոշման հիման վրա, և էդ Դաշնային ժողովի որոշման մեջ գրված է, որ ՌԴ զորախումբը էնտեղ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ Ո՞ւր է հիմա ԼՂ քաղաքացիական բնակչությունը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի՝ Զախարովային տրված պատասխանին իր հերթին որոշել է պատասխանել Արմեն Աշոտյանի ժամանակավոր պաշտոնակատար, եթե կուզեք՝ տեղապահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա, ինչպես վերջին շրջանի նրա հայտարարություններն են վկայում, ստանձնել է ՌԴ-ի ՝ հայաստանա-արցախյան հարցերով փաստաբանի կարգավիճակն ու արդարացնում է ոչ միայն ՀՀ-ի նկատմամբ իր «պաշտպանյալի» կողմից իրականացված և իրականացվող քաղաքականությունը, այլև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման համար տարատեսակ հիմնավորումներ պեղում։

Ընթերցողը կհիշի, թե ինչպես էր ընդդիմությունը, ի մասնավորի՝ Սերժ Սարգսյանի թիմը, բզիկ-բզիկ անում ՀՀ իշխանությանը հիշյալ հայտարարությունը ստորագրելու համար՝ Փաշինյանին անվանելով «կապիտուլյանտ», «դավաճան»։ Իսկ երբ նրանց հարցնում էին՝ իշխանության գալուց հետո արդյոք չեղարկելու, առ ոչի՞նչ են համարելու այդ հայտարարությունը, սկսում էին, թող թույլ տրվի ասել՝ կսմստալ, խոսքը կտուրը գցել՝ այդպես էլ այդ հարցին հստակ պատասխան չտալով, տողատակում, սակայն, հասկացնելով, որ նման արկածախնդրության դիմել չեն կարող, քանի որ կարող են գործ ունենալ հայտարարության մոդերատորի՝ Կրեմլի հետ։ Պարոն Շարմազանովը, որը, պարզվեց, նոյեմբերի 9-ի հայտարարության ֆանատներից է դարձել (Կրեմլի փաստաբանի իր կարգավիճակի բերումով, հավանաբար) և մի ընդարձակ ստատուս է քերթել, որում, ձայնակցելով Զախարովային, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված պայմանավորվածությունների չկատարման համար մեղադրել է «Հայաստանի կառավարիչներին» և Ալիևին և, բնականաբար, ոչ մի խոսք, ոչ մի տառ անգամ այդ հայտարարության երրորդ կողմի՝ ՌԴ-ի մասին։

Ինչն է ուշագրավ՝ ՀՀԿ-ականը հղում է արել մասնավորապես հայտարարության 6-րդ կետին, սակայն ոչ թե առաջին պարբերությանը, որը վերաբերում է հայտարարության հանգուցային ձևակերպմանը՝ Լաչինի միջանցքում ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողությանը, այլ երկրորդ պարբերությանը, որտեղ նշվում է՝ «կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը»։ ՌԴ շահերի հայկական ազգանունով պաշտպանը եթե ազնիվ ու բարոյական լիներ, ապա իր ստատուսը հարկավ կկառուցեր 6-րդ կետի առաջին պարբերության վրա և հետևություն կաներ՝ Արցախի հանձնումը տեղի է ունեցել, քանի որ ՌԴ խաղաղապահ զորակազմը պարզապես սաբոտաժով է զբաղված եղել ու նենգամտորեն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները Լաչինի միջանցքում։ Շարմազանովը հենց այդ նկատառումով էլ որոշել է շրջանցել 6-րդ կետի «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո» նախադասությունը, քանի որ եթե չշրջանցեր, ապա ստիպված էր արձանագրել նաև, որ միջանցքն անցյալ տարի այս օրերին (դեկտեմբերի 12-ից սկսած) արգելափակվեց ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների կողմից ՌԴ խաղաղապահների թողտվությամբ։ Ավելին՝ այդ մոտ 10 ամիս արգելափակված միջանցքում, դարձյալ նույն խաղաղապահների աչքի առաջ Ադրբեջանը ապօրինի անցակետ տեղադրեց՝ թքած ունենալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հավաստիացումների վրա, որ «միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում»։ Շարմազանովն այս մասով, ինչպես երևում է, ասելիք չունի։ «Ուշադրություն. միայն 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցվեր Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը։ Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը։ 2021-ի օգոստոսի վերջին ամբողջ Լաչինի շրջանն առանց մեկ կրակոցի զիջեց ադրբեջանցիներին՝ հայաթափելով Լաչինի շրջանը։ Սա նոյեմբերի 9-ի հայտարարության բացահայտ խախտում էր Փաշինյան-Ալիև զույգի կողմից»,- շարունակել է հայտարարությունից մեջբերումներ անել Էդուարդ Հովսեփովիչը։

Ենթադրում էինք, որ պատմաաշխարհագրագետի մասնագիությամբ պարոն Շարմազանովը լավ հիշողություն ունի՝ պատմական անցքերի ու դեպքերի ժամանակագրությունը վեր հանելու առումով, հետևապես կհիշի, թե ինչ զարգացումներ նախորդեցին Լաչինի հանձնմանը։ Իսկ եթե չի հիշում, ապա հիշեցնենք՝ վկայաբերելով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ս.թ. հուլիսի 2-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ «Այո՛, մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք գյուղերի հանձնումը կատարել, որպեսզի ահռելի կորուստներ չտանք, և վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը։ Մենք ամեն ինչ անում ենք՝ խուսափելու լայնածավալ պատերազմից, լայնածավալ մարտական գործողություններից»,- նշել էր Արայիկ Հարությունյանն ու ընդգծել՝ Լաչինի շրջանի հանձնումը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով, ինչի մասին վկայող նամակագրություն կա:

«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մեկ անգամ օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և չորս անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթները։ Սա նշանակում է, որ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէր, և Լեռնային Ղարաբաղն էլ նշվում էր որպես սուբյեկտ։ Նույնիսկ Ալիևն է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ՝ ստորագրելով այդ կետը։ Ինչո՞ւ է Փաշինյանը խախտել այդ կետերը և 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- շարունակել է մանիպուլյատիվ շարադրանքը պարոն Շարմազանովը՝ իր հերթին տիրաժավորելով ռուսական տխմար, ոչ մի քննադատության չդիմացող նարատիվը, թե Պրահայում ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Արդեն որերորդ անգամ ստիպված ենք մեջբերել Պրահայի հայտարարությունը, որում կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հաստատել են «իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Արդ, եթե ՄԱԿ կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ասվածի տակ ՌԴ-ն ու նրա հայաստանյան սատելիտները հասկանում են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ուրեմն հարց է ծագում՝ ՀՀ-ն նախքան Պրահայի հայտարարությունը, ԼՂ հարցով ընթացած բանակցային ողջ՝ մոտ երեք տասնամյակ տևած գործընթացն իզուր է տարել, քանի որ 1991-ից սկսած, փաստորեն, արդեն իսկ ճանաչած է եղել Արցախը Ադրբեջանի կազմում։ Արդ, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է մուննաթ գա Շարմազանովի քաղաքական պատրոնի ու նրան նախորդած ՀՀ ղեկավարների վրա, որոնք անխոհեմաբար 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով, փաստորեն, ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի մաս, բայց երկու տասնամյակ, փաստորեն, ձև արել, թե բանակցում են Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի ճանաչման շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ