«Պահանջում ենք հրապարակային հերքում և 3 մլն դրամի փոխհատուցում». Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչը դիմեց դատարանին ընդդեմ Ավետիք Իշխանյանի

«Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում սույն թվականի հուլիսի 27-ի հրապարակման մեջ զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանին»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում հայտարարեց Տրդատ Սարգսյանի ներկայացուցիչ Կարո Խաչմանյանը։

Իշխանյանը Տրդատ Սարգսյանին մեղադրել է 2019թ. փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան պատասխանատուն լինելու մեջ. «Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

Խաչմանյանը ասաց, որ 2013 թ. Քննչական կոմիտեն պաշտոնական հրապարակում է կատարել, որում նշվել է, որ 2019թ. սեպտեմբերի 17-ի միջադեպին Տրդատ Սարգսյանը մասնակից չի եղել և անգամ ներկա չի եղել միջադեպին, հետևաբար չի կարող հանդիսանալ այդ անձի ծեծի կամ մահվան պատասխանատուն։

Սարգսյանի ներկայացուցիչը 2023 թվականի օգոստոսի 25-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Իշխանյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին. «Պատիվն ու արժանապատվությունը զրպարտելու համար որպես դրամական փոխհատուցում 3 մլն դրամ ենք պահանջում և հրապարակային հերքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով»։

Դատավորը նշեց, որ Իշխանյանը առձեռն չի ստացել ծանուցում նիստին ներկայանալու համար, և դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ