Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացում դրական միտում է նկատում, սակայն միաժամանակ ընդգծում է, որ փետրվարին սպասվող արտահերթ ընտրությունների գնալով՝ Ադրբեջանն իր համար մանյովրի հնարավորություն է ստեղծում՝ խաղաղության գործընթացը երկարաձգելու համար:
«Այդ գործընթացը կկայանա միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները ատրճանակն ուղղակի դնի Ալիևի գլխին և ասի՝ «հենց հիմա արի ստորագրի, կամ շատ վատ կլինի քո համար»: Իսկ կանի՞ դա Միացյալ Նահանգները, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Վերջինս նաև նկատում է՝ հենց այս պայմանավորվածությունը կայացավ, ականատեսը դարձանք ռուսական կողմից ճնշման մի հուժկու նոր ալիքի, և պաշտոնական Երևանը պետք է շատ կոշտ դիմագրավի ռուսական ճնշումներին:
«ՌԴ-ն ուղղակի մանր քրեական շանտաժի ճանապարհով է փորձում ինչ-որ բան պոկել մեզնից, և ես չէի ասի, որ Հայաստանն իրեն շատ «ձիգ» է պահում: Երևանի թերի արձագանքը կարող է փչացնել գործը: Անհասկանալի դիրքորոշում է Մարիա Զախարովայի ոռնոցների նկատմամբ, որ ուղղակի սուտ է խոսում, մեզ մեղադրում է մեր արյան մեջ, իսկ ռուսական ալիքների վերաբերյալ մեր վերաբերմունքը անընդունելի է: Դրանք վաղուց փակ պետք է լինեին, ՀՀ-ում չի կարելի հարկատուների հաշվին ֆաշիստական պրոպագանդա իրականացնել, սա անբարոյականություն է»:
Ըստ նրա՝ հայկական կողմի քայլերը պետք է ուղղված լինեն երկու բանի. «Առաջին հերթին ռուսական աննորմալ ներկայության սահմանափակմանը ՀՀ-ում, որովհետև քանի դա արված չէ, մենք ամենօրյա ռեժիմով ռումբի վրա ենք նստած: Երկրորդը՝ դե յուրե մեր իրավապայամանագրային բազայի վերանայում: Մոսկվայի ամեն «հաչոցից» հետո ՀՀ-ում պետք է մի պայմանագիր խզվի, դրանք անպետք պայմանագրեր են, որոնք չեն աշխատել ու չեն էլ աշխատելու»:
Զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանին խաղաղության հասնելու գործընթացից պետք է հեռու պահել: «Պետք է քանդել ՌԴ-Ադրբեջան տոքսիկ դաշինքը, որը դեմ է խաղաղությանը: Պիտի ազնիվ լինենք մեր խաղաղության օրակարգը հետապնդելու գործում, իսկ դա նշանակում է անողոք պայքար խաղաղության հակառակորդների դեմ»:
Մինչ այժմ Հայաստանի գրանցած բոլոր հաջողությունների գլխավոր նախապայման Մեհրաբյանը համարում է այն, որ ՀՀ-ն հեռավորություն է պահում Ռուսաստանից:
«ՀՀ-ն պետք է վերջնականանա իր որոշումների մեջ, և այն պատրանքները, որ ՀՀ-ն պետք է խուսափի կտրուկ որոշումներից, չկա նման բան, հարցրեք չոբաններից՝ շան պոչը, որ կտրում են, ո՞նց են կտրում՝ քոքից, միանգամից, ոչ թե օրը կես սանտիմետր և քոռ դանակով: Հնարավոր չէ գնալ խաղաղության շարունակելով դարավոր «բարեկամությունը» ՌԴ-ի հետ, չի լինելու նման բան»,- ասում է նա:
Խոսելով գերիների վերադարձի վերաբերյալ Հայաստանի ընդդիմության չեզոքության մասին՝ Մեհրաբյանն ասում է. «Ընդդիմությունն այս մասին չի խոսում, որովհետև պետք է ասի, որ սա արդյունք է մեր իշխանության և Արևմուտքի համագործակցության, իսկ նրանք չեն ցանկանա այդ շեշտադրմամբ հրապարակային դաշտում հանդես գալ, դրա համար էլ գերադասում են լռել»: