Հանթեր Բայդենը կկանգնի կալիֆորնիական դատարանի առաջ. նրան կարող է սպառնալ 17 տարվա ազատազրկում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, կներկայանա 2024 թվականի հունվարի 11-ին Կալիֆորնիայի դաշնային շրջանային դատարան՝ 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու գործով։

Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանի Դաշնային դատարանի ժամանակացույցի համաձայն՝ այս գործով առաջին նիստը նշանակված է հունվարի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:00-ին (հունվարի 12-ին՝ ՀՀ ժամանակով 01:00-ին):

Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու ինը կետով: Մասնավորապես, նա մեղադրվում է առնվազն 1,4 միլիոն դոլար դաշնային հարկերից խուսափելու սխեմային մասնակցելու մեջ: Ամերիկացի առաջնորդի որդուն նաև մեղադրում են կեղծ հարկային հայտարարագրեր ներկայացնելու մեջ։ Fox News-ի տվյալներով՝ նրան կարող է սպառնալ 17 տարվա ազատազրկում։ Դատախազները կարծում են, որ Հանթեր Բայդենը միլիոնավոր դոլարներ է ծախսել «շռայլ ապրելակերպի վրա՝ հարկեր վճարելու փոխարեն»:

Նրան նախկինում մեղադրանք է առաջադրվել զենքի հետ կապված երեք հանցագործության համար։ Նախագահի որդուն մեղադրում են հրազեն գնելիս ստելու և լիցենզավորված դիլերին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։ Երրորդ մեղադրանքը վերաբերում է օրենքի խախտմանը, որն արգելում է թմրամոլներին հրազեն ունենալ:

Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությունը զենք պահելու համար սկսվել է 2018 թվականին, երբ հայտնի դարձավ, որ նա այդ ժամանակահատվածում թմրանյութ է օգտագործել և ուներ Colt Cobra ատրճանակ։

Ամերիկյան օրենսդրությունն արգելում է մարդկանց, ովքեր թմրանյութեր են օգտագործում կամ տիրապետում, զենք գնել կամ պահել: Բացի այդ, այդ ժամանակահատվածում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ ներկայիս նախագահի որդին անտեսել է իշխանությունների՝ հարկեր վճարելու պահանջները։ Հանթեր Բայդենի գործով դատախազության որոշումները, որոնք թույլ են տվել նրան խուսափել բանտից, վրդովմունքի փոթորիկ են առաջացրել Հանրապետական կուսակցության ընդդիմադիր շատ անդամների մոտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ