Հաղորդավար, հումորիստ, երգիչ Արամ MP3-ն գրեթե 5 ամիս է՝ զորակոչվել է Զինված ուժեր, սակայն շարունակում է նկարահանվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում: Այս մասին գրում է hetq.am-ը։
Արամի զինծառայությունն անցնում է Երևանում, նա նախ զորակոչվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որը ավելի հայտնի է որպես Մուրացանի հոսպիտալ, այժմ ՊՆ սպայի տան «Զորական» համույթում է ծառայում:
Դեռևս նախորդ տարի՝ 2018թ. դեկտեմբերին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի (այդ պահին Սիմոյանը դեռ ԱԺ փոխխոսնակ չէր, փոխխոսնակի թեկնածու) իր անվան հետ կապվող լրատվամիջոցում՝ araratnews.am-ում լուր հրապարակվեց, որ Արամ MP3-ն գնում է «հայրենիքի առջև պարտքը կատարելու»՝ զորակոչվելու է որպես բուժծառայության լեյտենանտ:
Արամ Սարգսյանը (MP3) ունի դեղագետի մասնագիտություն, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Զորակոչի ենթակա քաղաքացիները, որոնք ունեն բժշկական մասնագիտությունների գծով կրթություն, ուսումնառության ընթացքում տարկետման իրավունք են ստանում: Ի տարբերություն այլ մասնագիտությունների՝ այս դեպքում քաղաքացիները զորակոչի ենթակա են ոչ թե մինչև 27, այլ 35 տարեկանը:
Սա է պատճառը, որ անկախ այն հանգամանքից, թե որքան ճանաչելիություն ունի հաղորդավար Արամը և ինչ հաղորդում է վարում, օրենքի շրջանակում նա պարտավոր էր զորակոչվել:
Կայքի հետ զրույցում Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ ՊՆ կենտրոնական հավաքակայանում վիճակահանությանը մասնակցել է՝ քաշելով Մուրացանի հոսպիտալ՝ որպես ծառայության վայր:
«Հիմա վայեննի խոռում եմ, ես արդեն ավելի քան 10 տարի իմ մասնագիտությամբ չէի աշխատում, դրա համար Մուրացանից ինձ գործուղել են «Զորական» համույթ, որովհետև վերջին տարիներին իմ մասնագիտությունն ավելի շատ ուղղված է այդ բնագավառին»,-ասաց Արամը:
Մեր հարցին, թե ինչպես է համատեղում ծառայությունն աշխատանքի հետ, նա պատասխանել է.
«Քանի որ ես սպա եմ, աշխատանքս ժամը վեցին վերջանում է, շաբաթ-կիրակի օրերին էլ ազատ եմ»:
Ճշտող հարցին՝ մի՞շտ են նկարահանումները երեկոյան ժամերին լինում և ոչ աշխատանքային օրերին, Արամ Սարգսյանը պատասխանել է, որ երբեմն լինում են նկարահանումներ նաև ցերեկը, ինչի համար թույլտվություն է խնդրում: Արամի խոսքով՝ մոտ երկու ամիս է իր զինծառայությունն անցել Մուրացանում: